Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման դրսևորում է. ընդդիմադիր համախմբում

Բաժանորդագրվել

Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ժողովրդից փորձում են խլել իր համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդիմադիր համախմբումը։

Ընդգծվում է, որ ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։

«Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ նման գործելաոճը ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ ընդդիմադիր Արսեն Գևորգյանի դեպքում։

Ընդդիմադիր համախումբը հրավիրում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։

Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։

Leave a comment