Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Կառավարության անդամներ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետներ Ռուսաստանի, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից։

Մինչ նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում են ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման ապահովմանն ու շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, անվտանգության մակարդակի և հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Ընդգծվել է, որ նշված հարցերի արդիականությունը պայմանավորված է նաև Հայաստանի Կառավարության կողմից նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տարբերակների ուսումնասիրմամբ, միջուկային անվտանգության ոլորտում միջազգային չափանիշների և լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությամբ։ Քննարկումների արդյունքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ, դիտարկումներ:

Այնուհետև մեկնարկել է նիստը, որի ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել խորհրդի անդամներին, նշել, որ նման ձևաչափով նիստ վաղուց տեղի չէր ունեցել և շնորհակալություն հայտնել այս ընթացքում ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար։
Ելույթով հանդես է եկել նաև խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը: Վերջինս ընդգծել է ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստի աշխատանքներին՝ որպես ատոմային էներգետիկայի և անվտանգության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության հանձնառության կարևոր արձանագրում: Խորհրդի նախագահի խոսքով, սա ինքնին արժեքավոր հնարավորություն է ուղիղ և թափանցիկ ձևով կարծիքներ և տեսակետներ փոխանակել Հայաստանի Հանրապետության Կառավարության, միջուկային անվտանգության ոլորտի, ատոմային անվտանգության մարմինների, անկախ միջազգային փորձագետների միջև:

Հնչած ելույթներից և ներկայացված զեկույցներից հետո ծավալվել է հարցուպատասխան:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment