Քաղաքացին չպետք է պետական տուրք վճարի ենթադրյալ ոչ իրավաչափ որոշումը դատարանում վիճարկելու համար

Լոռու մարզում 2013-2018 թթ. կիրառվել է 8782 վարչական պատասխանատվություն, իսկ 2019-2024 թթ.՝ 16067 (մոտ 1.83 անգամ ավելի)։ Աճը մեծ մասամբ պայմանավորված է 2013-2018 թթ. ոչ բոլոր դեպքերի արձանագրմամբ և գործող կոռուպցիոն մեխանիզմներով, ինչպես նաև հետագայում պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությամբ։ Ընդ որում, կիրառված վարչական պատասխանատվությունների մեջ գերակշռում են պետական եկամուտների կոմիտեի որոշումները (հարկային վարչարարություն), իսկ տույժերի հիմնական տեսակը տուգանքն է, ինչը վկայում է վարչարարության պատժողական բնույթի և վարչական բարձր ճնշման մասին։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2008 թվականից 2024 թթ. հավաքագրել է Լոռու մարզի տարածքում գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (վարչական մարմինների) կողմից կիրառված վարչական պատասխանատվությունների վերաբերյալ տվյալները՝ ներառյալ դրանց քանակը, բողոքարկման թիվը և արդյունքները։ Նշյալ տվյալները ստացվել են վարչական մարմիններին ուղղված տեղեկատվության հարցումների միջոցով։ Դիտարկվող ժամանակահատվածում ըստ ՀՔԱՎ-ի՝ ոչ բոլոր վարչական մարմիններն են իրականացրել վարչական պատասխանատվությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում։ Համադրելով 2008-2024 թվականների ընթացքում վարչական մարմինների կողմից կիրառված վարչական պատասխանատվության և դրանց բողոքարկման արդյունքների տվյալները, փորձ էր արվել գնահատել բարեխիղճ վարչարարության իրավունքի պաշտպանության վիճակը։

Ըստ ՀՔԱՎ-ի՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության վերաբերյալ որոշումներից շատերն ուղղակի ազդեցություն ունեն անհատի իրավունքների և ազատությունների վրա, որոնք պաշտպանված են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով։ Բարեխիղճ վարչարարության իրավունքի վիճակի գնահատման կարևոր ցուցանիշ կարող է հանդիսանալ քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության վերաբերյալ որոշումների կիրառումը։

Ի տարբերություն քաղաքացիական և քրեական գործերի՝ վարչական պատասխանատվության որոշումները կազմում են շատ ավելի մեծ թիվ, և վարչական պատասխանատվությունները զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների առօրյա կյանքի, նրանց սեփական բյուջեի և հետևաբար նաև կենսամակարդակի վրա։ Ելնելով վարչական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման կանխավարկածից՝ կիրառված վարչական պատասխանատվության որոշումների դեմ ներկայացված բողոքների թվի հարաբերությունը ընդհանուր թվին այն ցուցանիշն է, որով գնահատվում է վարչական բողոքարկման, ինչպես նաև վարչական մարմինների նկատմամբ դատական և արտադատական վերահսկողության արդյունավետությունը։ Թեև պարտադիր վերադասության փուլը նպատակ ունի նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, սակայն քանի որ մյուս մարմինների ակտերի դեպքում օրենսդրությունը թույլ է տալիս անմիջապես դիմել դատարան, ապա նման տարբերակված մոտեցումը հանդիսանում է անհամաչափ իրավական բողոքարկում։ Այն լիարժեք չի ապահովում իրավական որոշակիության և միատեսակ վարչարարության սկզբունքները, իսկ վերադաս մարմնի անփոփոխ թողած ակտերը հետագայում հաճախ դատարանով անվավեր են ճանաչվում։

Բացի այդ, դատական բողոքարկումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր։ ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքերը (4,000-ից մինչև 80,000 ՀՀ դրամ) և այլ դատական ծախսերը անհամաչափ մեծ են նշանակված պատասխանատվությունների համեմատ՝ սահմանափակելով դատարան դիմելու հնարավորությունը։ Սա հակասում է նաև Եվրոպայի խորհրդի հանձնարարականին (հոդված 2, կետ դ), ըստ որի՝ դատական վերանայման ծախսերը չպետք է սահմանափակեն դիմումների ներկայացմանը։ Այսպիսով, վարչական ակտերի պարտադիր նախնական բողոքարկման գործող մեխանիզմը լիարժեք չի ապահովում անձանց իրավունքների պաշտպանությունը և հաճախ վերածվում է ձևական ընթացակարգի՝ խաթարելով արդարադատության հասանելիության սկզբունքը։

Վարչական պատասխանատվությունների դեմ ներկայացված բողոքների թիվը, թեև աճել է (2013-2018 թթ.՝ 75 կամ 0.85%, 2019-2024 թթ.՝ 435 կամ 2.71%), այնուամենայնիվ մնում է խիստ ցածր՝ բողոքարկման ծախսատարության պատճառով։ Միևնույն ժամանակ, հատկանշական է բավարարված բողոքների բարձր տոկոսը (օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում այն հասնում է մինչև 94%-ի)։ Սա վկայում է, որ կիրառված վարչական տույժերի գերակշիռ մասը իրավական հիմնավորվածության տեսակետից վիճահարույց է, սակայն բողոքարկման բացակայության հետևանքով անձինք ստիպված են վճարել դրանք։

Արդյունքում՝ ոչ իրավաչափ որոշումները մնում են ուժի մեջ՝ նվազեցնելով հանրային վստահությունը և ձևավորելով անարդարության զգացում։ Օրինակներից ուշագրավ էր հետևյալը. 2019-2024թթ. ճանապարհային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվությունների թիվը 24-ից 30 անգամ գերազանցում է մնացած բոլոր տույժերի ընդհանուր թվին։ Միևնույն ժամանակ, չնայած բողոքարկումների թիվը խիստ չնչին է, բայց վարչական պատասխանատվությունների որոշումների դեմ բավարարված բողոքները հասնում են մինչև 94 տոկոսի. «Եթե էքստրապոլիացնենք այս համամասնությունը, կարող ենք հիմնավոր եզրակացություն կազմել, որ կիրառված վարչական տույժերի գերակշիռ մասը իրավական հիմնավորվածության տեսակետից խիստ վիճահարույց են։ Եվ փաստորեն ոչ իրավական վարչական ակտերը բողոքարկման բացակայության հետևանքով կիրառվում են, մարդիկ վճարում են պատասխանատվությունները՝ բարեխիղճ վարչարարության իրավունքի խախտման դիմաց»։

Ըստ ՀՔԱՎ-ի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համալիր վերլուծեն իրենց կողմից կիրառված վարչական պատասխանատվությունների տվյալները՝ վեր հանելու համար իրավական դաշտի բացերն ու ինստիտուցիոնալ թերությունները։ Խոսքը վերաբերում է այնպիսի նորմերին, որոնց ապահովման համար պետությունը չի ստեղծել պատշաճ տեխնիկական և տեղեկատվական պայմաններ. քաղաքացիները չպետք է պատասխանատվության ենթարկվեն սահմանված նորմերի պահպանման անհնարինության պատճառով»։

Իրավապաշտպան կազմակերպությունը անհրաժեշտ է համարում բողոքարկման բարձր մատչելիության ընթացակարգերի սահմանումը, քաղաքացին չպետք է պետական տուրք վճարի ենթադրյալ ոչ իրավաչափ որոշումը դատարանում վիճարկելու համար, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռը չստիպի անձանց հրաժարվել իրենց իրավունքների պաշտպանությունից։ Վարչական պատասխանատվության որոշումների բողոքարկման հետ կապված, ըստ կազմակերպության՝ակնհայտ է, որ օրենսդրությամբ պետք է սահմանվի քաղաքացիների արտադատական և դատական բողոքարկման բարձր մատչելիության ընթացակարգեր։ Պետական և ինքնակառավարման մարմինների կողմից վարչական պատասխանատվության որոշման դեմ դատարան բողոքի ներկայացման համար անձը պետք է ազատված լինի պետական տուրքի վճարից։

Բողոքը ներկայացվում է պետական կամ ինքնակառավարման մարմնի կողմից քաղաքացուն վարչական տուգանքի կամ վարչական պատասխանատվության որոշման դեմ, այսինքն՝ անձը բողոքարկում է պետական կամ ինքնակառավարման մարմնի գործողությունը, գտնելով, որ այն ոչ իրավաչափ է, կամ ոչ համաչափ։ Քաղաքացին կամ անձը չպետք է լրացուցիչ վճարի ենթադրյալ ոչ իրավաչափ կամ ոչ համաչափ վարչական պատասխանատվության որոշման դեմ բողոք ներկայացնելու համար։

Արդեն իսկ կիրառված վարչական տուգանքով անձը կրում է ֆինանսական բեռ, որին ավելանում է դրա դեմ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի վճարը։ Պետական տուրքի չափն անգամ ավելին կարող է լինել, քան դատարանին բողոք ներկայացնելու համար պետական տուրքի չափը։ Այս պարագայում սկզբունքորեն ավելի մեծ է հավանականությունը, որ վարչական պատասխանատվության որոշման դեմ անձը հրաժարվի բողոքարկելու մտադրությունից, որի արդյունքում ենթադրյալ ոչ իրավաչափ կամ անհամաչափ կիրառված վարչական պատասխանատվության մասին որոշումը մնում է անփոփոխ։ Նման վարչական ակտի կիրառումը միանշանակ չի կարող նպաստել բարեխիղճ վարչարարության իրավունքի երաշխավորմանն ու վարչարարության հանդեպ հանրային վստահության ձևավորմանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment