Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների՝ հայոց առաջին լուսավորիչների հիշատակության տոնը։
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները Քրիստոսի տասներկու առաքյալներից էին, որոնք Տիրոջ պատգամով՝ քարոզելու Ավետարանը բոլոր ազգերին, եկան Հայաստան և իրենց առաքելական քարոզությամբ տարածեցին քրիստոնեական հավատը։
Սուրբ Թադեոս առաքյալը Հայաստան եկավ Աբգար թագավորի օրոք և քարոզեց Արտազ գավառում։ Նրա քարոզության շնորհիվ բազմաթիվ մարդիկ ընդունեցին Քրիստոսի հավատը։
Սուրբ Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան բերեց նաև Տիրոջ Սուրբ Գեղարդը՝ այն սրբազան նիզակը, որով խոցվել էր Փրկչի կողը։
Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան եկավ իր աշակերտների հետ՝ քարոզելու Ավետարանը և ամրացնելու նորադարձ քրիստոնյաների հավատքը։ Նա քարոզեց Սյունյաց Գողթն գավառում և Վասպուրականում՝ հիմնելով քրիստոնեական համայնքներ։ Սուրբ Բարդուղիմեոսը Հայաստան բերեց նաև Սուրբ Աստվածածնի պատկերը և իր առաքելական ծառայության ընթացքում հաստատեց հավատացյալներին Քրիստոսի սիրո մեջ։
Երկու առաքյալներն էլ իրենց կյանքը նվիրեցին Ավետարանի քարոզությանը և նահատակվեցին Հայաստանում՝ իրենց արյամբ վկայելով Քրիստոսի հանդեպ ունեցած անսասան հավատը։
Առաքյալների Սրբազան մասունքները պահվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ կառուցված մոմավառության սրահի խորաններն անվանակոչվել են Առաքյալների անուններով և այսօր խորանների առջև զետեղված են իրենց մասունքները՝ հավատացյալների երկրպագության համար:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Սուրբ Թադեոս առաքյալի կողմից Հայաստան բերված Սուրբ Գեղարդը պահվել է Այրիվանքում, որտեղից էլ եկել է սրբավայրի Գեղարդավանք անվանումը:
Այսօր Աստվածամուխ Սուրբ Գեղարդը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում՝ որպես հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի և սրբազան ժառանգության բացառիկ մասունք։
Տոնի օրը Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Գեղարդով օրհնում է հավատավոր ժողովրդին։
Այսօր ևս առաքյալների հիշատակությունը մեզ կոչ է անում հավատարիմ մնալ առաքելական հավատքին, սիրել մեր Սուրբ Եկեղեցին և մեր կյանքով վկայել Քրիստոսի լույսի մասին։
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: