Լեբեդև․ ՀՀ-ն ու Ադրբեջանն առաջին անգամ հավակնում են ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Հայաստանն ու Ադրբեջանն առաջադրել են իրենց թեկնածություններն ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նա ընդգծել է, որ նման զարգացում է արձանագրվել կառույցի գոյության 35 տարիների ընթացքում առաջին անգամ, գրում է «Sputnik Ադրբեջանը»:

«Այժմ որոշում է կայացվել նրանց ներգրավել նախագահության գործընթացում, և այդ որոշումը շատ լավ է ընդունվել»,- նշել է նա։

Լեբեդևի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել 2027 թվականին ստանձնել համանախագահությունը, իսկ 2028 թվականին՝ նախագահել կազմակերպությունում։

Հայաստանն իր հերթին մտադրություն է հայտնել նախագահությունը ստանձնել 2029 թվականին։

Նախկինում Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվել են նախագահության իրենց հերթից։

ԱՊՀ-ում նախագահությունն ամեն տարի հերթափոխով փոխանցվում է անդամ երկրներին՝ ռուսերեն այբուբենի հերթականությամբ։ 2026 թվականին կառույցում նախագահում է Թուրքմենստանը, իսկ 2027 թվականին նախագահությունը կփոխանցվի Ուզբեկստանին։

Leave a comment