«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղհասարակությունները նախօրեին 5-րդ հանդիպումն են ունեցել, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ինքը չի մասնակցում այս հանդիպումներին, եւ ինչո՞ւ են բացառապես իշխանական քարոզիչներ մասնակցում, որոնք մեր հանրության տեսակետը չեն ներկայացնում, այլ իշխանական տեսակետի կրողներն են: Քաղաքագետն ասաց. «Ինձ հրավիրում են, պարզապես ես չեմ գնում: Չեմ գնում, որովհետեւ մեկ անգամ մասնակցել եմ ու հասկացել եմ, որ այդ հանդիպումը խաղաղության մասին չէ: Պարզապես կան մարդիկ, ովքեր գրանտներ են ստանում եւ ուզում են ցույց տալ, որ ինչ-որ կարեւոր բան են անում, սակայն` ոչ: Ես առաջին հանդիպման ժամանակ հասկացա, որ այն պետք է վերջինը լինի: Ինքս չեմ նկատել, որ այդ հանդիպման ներկաները պատրաստ են խաղաղության: Նպատակահարմար չեմ համարում, որ ես պետք է մասնակցեմ դրան: Հրավեր ստանում եմ, բայց չեմ մասնակցում: Պատահական չէ, որ գաղտնի են պահում, թե ինչ են քննարկում: Ասելիք չունեն, ի՞նչ ասեն: Այս նույն մարդիկ, ովքեր հիմա խաղաղությունից են խոսում, առանձին հարցազրույցների ժամանակ պնդում են, որ Ալիեւը ժամանակ է ձգում: Այսինքն` եթե անգամ այս մարդիկ են խոսում, որ Ալիեւն արհեստական խոչընդոտներ է գտնում եւ ժամանակ է ձգում, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Ես Բորիս Նավասարդյանին նախորդ անգամ խնդրել եմ, որ ինձ այլեւս չհրավիրեն: Այդ ամենը կրում է ձեւական բնույթ, եւ ես այդ մասին բարձրաձայնել եմ կազմակերպիչներին: Քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են մեր երկրի ինքնիշխան տարածքում, չի կարող որեւէ քննարկում մեր օգտին լինել: Ես անգամ այդ հանդիպման ժամանակ վեճ եմ ունեցել ադրբեջանցու հետ: Վեճն ուղիղ եթերով հեռարձակվեց, սակայն հետո այն մոնտաժեցին: Ասացի` ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, կոնֆերանսը վարողը, որ ադրբեջանցի էր, պնդեց, որ նման բան չկա: Հարցրի` ինչպե՞ս թե չկա, պատասխանեց` դա սահմանազատման խնդիր է, դա ձեր տարածքը չէ, եւ մեր միջեւ վեճ սկսվեց: Ասացի՝ եթե մեր տարածքը չէ, ուրեմն խոսելու ոչինչ մենք չունենք: Հետո այդ հատվածը մոնտաժվեց: Որպեսզի կազմակերպիչներին վատ դրության մեջ չդնեմ, այդ հանդիպմանը մինչեւ վերջ մասնակցեցի, սակայն ասացի` ինձ այլեւս երբեք չհրավիրեք ձեր քննարկումներին, հատկապես եթե ինքներդ էլ վստահ չեք, որ խաղաղություն է հաստատվելու: Ադրբեջանը բռնապետություն է, այնտեղ չկա քաղհասարակություն, որ մենք էլ նրանց հետ խոսենք: Մարդիկ Եվրոպային խաբում են, թե իբրեւ խաղաղություն ենք հաստատում: Մի պարզ հարց` ինչո՞ւ են սահմանադրության փոփոխության նախապայման դնում, եթե օգոստոսի 8-ի նախաստորագրված պայմանագրում չկա նման պահանջ: Ադրբեջանից պարբերաբար պրովոկացիոն հայտարարություններ են հնչում, օրինակ, այն մասին, որ երբեք չեն մոռանալու Ղարաբաղում տեղի ունեցածը: Մի՞թե նման հայտարարությունները խաղաղության համար բարենպաստ են»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: