Ամասիայում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցությունների միջև թեժ ընտրապայքարը ավարտին է մոտենում, նոյեմբերի 29-ին բնակիչները տեղական իշխանություն են ընտրելու, շարունակվում են նոր բացահայտումները։
Այստեղ ընտրություններն ինքնատիպ են նրանով, որ դերափոխություն ու քաղաքական հայացքների կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել․ մրցակցության են դուրս եկել Ամասիայի երբեմնի ընդդիմադիր, սակայն այժմ ՔՊ-ական դարձած համայնքապետ Ջեմմա Հարությունյանն ու Ամասիայի ՔՊ-ի կառույցի ղեկավարի պաշտոնը լքած, ՔՊ-ի շարքերից հեռացած Սամվել Ղարիբյանը։
Ընտրապայքարն այստեղ այնքան էր թեժացել, որ Ամասիա այցելած ՔՊ վերնախավը սկսել էր պարզաբանել, թե ով է ՔՊ-ի իսկական թեկնածուն և ով իրականում իրավունք ունի վարչապետի, մարզպետի հանդես գալու, ով՝ ոչ։
Ի դեպ, «Բարոյական արժեքներ» կուսակցության համակիրների տեղեկացմամբ, Ամասիայում 36 հոգի լքել են իշխող կուսակցության՝ ՔՊ-ի շարքերը՝ հանուն իրենց բարոյական արժեքների։
Կրքերն այնքան լարված են, որ ընտրապայքարում հանգիստ չեն թողնում նաև հանգուցյալներին։
Երեկ Ջեմմա Հարությունյանն անդրադարձել էր «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված Ամասիայի երկարամյա համայնքապետ Աղասի Ամիրյանի որդուն՝ հիշատակելով, սակայն, հանգուցյալ հորը ու նրա գործունեությունը։
Նա գրել էր․ «Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ․․
Սակայն, որդու պատճառով ստիպված ենք ասել հետևյալը։
Ինչո՞ւ է Ամասիայի նախկին ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի որդին՝ Աշոտ Ամիրյանը, ժամանակավորապես ապավեն գտել իրեն ոչ բնորոշ անվանում ունեցող «Բարոյական արժեքներ» կուսակցության շարքերում։
Երիտասարդի թվարկած և իր հորը վերագրվող «դրական» աշխատանքներն էին արդյո՞ք պատճառը, որ 2016 թվականի Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ ինքնաբացարկ հայտնեց հայրը, թ՞ե կային այլ պատճառներ, որոնց մասին ամասիացիները մինչ օրս չգիտեն։
Ինչո՞ւ էիք տասը տարի լռում և չէիք խոսում «կատարված» աշխատանքներից։
Դու շատ երիտասարդ ես և շատ բան չգիտես, բայց խոսում ես դրանց մասին։ Եթե ձեզ թվում է, որ ամասիացիները մոռացել են այդ տարիների պաշտոնավարման աշխատանքների մասին՝ մենք ձեզ կհիասթափեցնենք։ Բոլորը ամեն ինչ շատ լավ հիշում են։
Էլի մնալով մեր բարձր դիրքերում, կոչ ենք անում երիտասարդին, չտրվել իրենց կուսակցության ներսում խաբեություն ստեղծող շինծու իրավիճակին, չտրվել մեկ պաշտոնը մի քանի հոգու խոստանալու գայթակղությանը, զերծ մնալ հանգուցյալ հոր անունը շահարկելուց և դրա հետևանքով մեզ չդրդել շեղվել մեր իրական ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ և խոսել ամեն ինչի մասին ավելի բաց։
Եթե ընդունում եք մեր դիրքորոշումը, ուրեմն՝ մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ․․․»։
Այսօր էլ մամուլը մի նոր բացահայտում արեց Ջեմմա Հարությունյանի՝ պաշտոնն ի շահ իր ընտանիքի ծառայեցնելու մասին։
Hetq.am-ը հրապարակել էր «Ամասիայի համայնքապետը 9․2 հա հողամաս է վարձակալությամբ տրամադրել ամուսնու ընկերությանը․ տարեկան վարձավճարը 200 հազար դրամ է» վերտառությամբ հետաքննություն , որտեղ խոսվում է այն մասին, որ Ամասիայի ավագանին՝ համայնքապետ Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ, փոխել է 9,2 հա հողամասի նպատակային նշանակությունը, այն 20 տարի ժամկետով տարեկան 200 հազար դրամով վարձակալության է տրամադրել «Լիչի» ՍՊԸ-ին, որի ղեկավարը եղել է իր ամուսինը, իսկ որդին՝ տնօրենը։
Հետագայում, ըստ հրապարակման, ՍՊԸ-ի սեփականատերը փոխվել է, սակայն տնօրենը շարունակում է մնալ համայնքապետի որդին։
«Լիչի» ՍՊԸ-ն Բերդաշեն համայնքում զբաղվում է հրաբխային խարամի արդյունահանմամբ․ այն օգտագործվում է շինարարության մեջ։
Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Ջեմմա Հարությունյանից՝ հարցնելով՝ մի՞թե սա շահերի բախում չէ։
Ջեմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում նախ պարզաբանեց, որ «Լիչի» ՍՊԸ-ի հիմնադիրն իր ամուսինը չէ․ այն հիմնադրվել է 2022 թվականին՝ Լիլիթ Չիլչիլյանի կողմից, իսկ իր ամուսինը գնել է 2023 թվականին։
Տիկին Հարությունյանի տեղեկացմամբ՝ այժմ էլ իր ամուսինը ՍՊԸ-ի սեփականատերը չէ, օտարել է այն, սեփականատերն այլ մարդ է, սակայն տնօրենը որդին է՝ Հայկ Կարապետյանը։
«Ես այստեղ շահերի բախում չեմ տեսնում, իմ ամուսինը լիներ, թե մեկ ուրիշը, միևնույնն է, որպեսզի սեփականատերը կարողանար կապույտ կոխն արտադրել, պիտի փոխվեր հողամասի նպատակային նշանակությունը, ու դա համայնքապետարանի գործառույթն էր։
Իհարկե, համայնքապետարանը կազմել է փաթեթ, ուղարկել է մարզպետարան, որից հետո այն ուղարկվել է քաղաքաշինական կոմիտե, փաթեթը շրջանառվել է ՀՀ բոլոր նախարարություններով ու նոր համաձայնություն է տրվել նպատակային նշանակության փոփոխության։ Այն գյուղատնտեսականից վերածվել է արդյունաբերական և ընդերքի օգտագործման հողամասի։
Վարձավճարը, բնականաբար, սահմանել է ավագանին, երբ այդ հողամասն արոտավայր էր, մեկ հեկտարի վարձավճարը եղել է 3000 հազար դրամ, ընդերքի օգտագործման դեպքում ավելացվել է․ ավագանու անդամների առաջարկությամբ մեկ հեկտարի համար սահմանվել է 20 հազար դրամ», – ասաց Ջեմմա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ջեմմա Հարությունյանի ամուսինը՝ Մարսել Կարապետյանը, «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի սեփականատերն է, ընկերությունը զբաղվում է Շիրակի մարզի (մասնավորապես՝ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների) ճանապարհների սպասարկմամբ ու ձմեռային մաքրման աշխատանքներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: