ՀՀԿ-ն պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել շինծու, քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը

 

Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց։

Ավելի քան ութ տարի առաջվա՝ 2018 թվականի ապրիլի դեպքերի վերաբերյալ գործով խամաճիկային դատարանը՝ այս անգամ ի դեմս Վճռաբեկ դատարանի, 8-րդ գումարման խորհրդարանական ընդդիմության՝ իմպիչմենտի վարչապետի միասնական թեկնածու, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանի գործով բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, և օրինական ուժ տվեց նրան 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատավճռին՝ կրկին փորձելով խոչընդոտել Մասիս համայնքում գալիք ընտրություններին ընդդիմության հաղթանակը։

Գործի ժամանակագրությունն ինքնին ապացույց է. մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը։

Քրեական հետապնդումը և ազատությունից զրկումը քաղաքական մրցակցին ընտրական պայքարից հեռացնելու նպատակով օգտագործելը խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքը։ Այն հակասում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածին, որը երաշխավորում է ընտրություններում ընտրվելու իրավունքը՝ առանց անհիմն սահմանափակումների։

Այս զազրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարության հետընթացի և ազգային ինստիտուտների, հասարակական գործիչների, ժողովրդի քվեով ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների շարքից է՝ միտված էժանագին շոուի վերածված միանձնյա արատավոր կառավարման ամրապնդմանը։

Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է աճել տագնապալի տեմպերով։ Շինծու մեղադրանքների, երկարատև նախնական կալանքների և ընտրովի արդարադատության միջոցով գործող իշխանությունները համակարգված կերպով թիրախավորում են քաղաքական ընդդիմախոսներին, հոգևորականներին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր համարձակվում են այլակարծություն հայտնել կամ հանդես գալ ի պաշտպանություն ազգային շահերի։ Այս գործերը լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 (2012) բանաձևով սահմանված՝ քաղբանտարկյալի չափանիշներին. ազատությունից զրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, կիրառվում է խտրական եղանակով և ակնհայտ անարդար վարույթների արդյունք է։

Իրավապահ և քրեակատարողական համակարգերի վերածումը քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի՝ դարձել է այս վարչակազմի գործելաոճի այցեքարտը, ինչը վկայում է մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝ ի խախտումն Սահմանադրության 27-րդ, 42-րդ և 63-րդ հոդվածների և Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

  • Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և քաղաքական ընդդիմախոսների ապօրինի կալանավորումները։
  • Արձանագրում է, որ ընտրություններից 16 օր առաջ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը։
  • Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել շինծու, քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։
  • Իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, բոլոր քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքներին և քաղաքական հետապնդումների ենթարկված յուրաքանչյուր անձի։
  • Կոչ է անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ հրաժարվել երկակի ստանդարտներից, օբյեկտիվ գնահատական տալ ժողովրդավարական ազատությունների համակարգային խախտումներին՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լույսի ներքո, և անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։
  • Վերահաստատում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված՝ հակառակ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներով ամրագրված՝ արդարադատության իրականացմանը միջամտելու արգելքի և դատավորի անկախության պահանջի։
  • Հայտարարում է, որ շարունակելու է անզիջում պայքարը գործող վարչախմբի դեմ՝ սահմանադրական բոլոր միջոցներով, և աջակցելու է Դավիթ Համբարձումյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումները միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment