ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է

Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի որդին՝ Հենրիկ Խունդկարյանը, վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է։ Այս տեղեկությունը հատկապես ուշագրավ է վերջին շրջանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության իրադարձությունների ֆոնին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում հոկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով։ Թեկնածուները երկուսն էին՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը և նախագահի ընտրությունից 6 ամիս առաջ ՍԴ դատավոր դարձած՝ ՔՊ նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Այդ օրն առաջին փուլում երկու թեկնածուներն էլ չէին ստացել դատավոր դառնալու համար պահանջվող 6 ձայնը. Էդգար Շաթիրյանը ստացել էր 5 ձայն, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ 4։ Նույն օրը կազմակերպվել էր ընտրության երկրորդ փուլը, որի ժամանակ Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանը ստացել էին 4-ական ձայն, իսկ մեկ դատավորի քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել։ Այսինքն՝ Էդգար Շաթիրյանի օգտին քվեարկած դատավորներից մեկն անվավեր էր քվեարկել։ Հետագայում պարզվել էր, որ այդ մեկը եղել է Երվանդ Խունդկարյանը։ Միամտություն կլինի կարծել, որ տասնյակ տարիների փորձ ունեցող իրավաբանը չի կարողացել վավեր քվեարկել, ուստի նրա գործողությունները, մեր դիտարկմամբ, միտված են եղել ընտրությունը տապալելուն։

Երկու փուլով նախագահ չընտրելուց հետո նշանակվել է նոր ընտրություն։ Այս անգամ Երվանդ Խունդկարյանն իր ձայնը տվել է ոչ թե Էդգար Շաթիրյանին, այլ Վլադիմիր Վարդանյանին, ուստի վերջինս դարձել է ՍԴ նախագահ։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել այն անձը, որը ոչ վաղ անցյալում եղել է իշխանությունների շարքերում և ցանկալի թեկնածու է նրանց համար։

Այս իրադարձություններին զուգահեռ ուշադրության արժանի զարգացումներ են տեղի ունեցել Բարձրագույն դատական խորհրդի կողմից վարչական դատավորների թեկնածուների ընտրության շուրջ։ ԲԴԽ-ն որոշումներ է կայացրել վարչական դատարանի դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց ցուցակից հեռացնելու մասին։ Սա այն դեպքում, երբ այս անձինք մեծ ռեսուրս են ներդրել դատավոր դառնալու համար՝ ընդհուպ 1 տարի սովորելով Արդարադատության ակադեմիայում, ինչը պարտադիր պայման է։

Այժմ պետք է վարչական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակից կազմվի դատավորի թեկնածուների նոր ցուցակ, իսկ հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանցից մեկը, փաստորեն, Խունդկարյանի որդի Հենրիկ Խունդկարյանն է։

Նշենք, որ դատավորի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անձը պետք է հանձնի որակավորման բանավոր և գրավոր քննություններ։ Սակայն այդքանը բավարար չէ դատավոր դառնալու համար։ Դատավորի հավակնորդների ցուցակում հայտնված անձը 1 տարի պետք է սովորի Արդարադատության ակադեմիայում, որից հետո արդեն կարող է ընդգրկվել դատավորի թեկնածուների ցուցակում։ Թեկնածուների ցուցակում ընդգրկված անձն այնուհետև անցնում է բարեվարքության ստուգում, ապա ԲԴԽ-ն որոշում է կայացնում թեկնածուին դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու կամ չներկայացնելու մասին։

Դատական օրենսգրքի համաձայն՝ Դատական դեպարտամենտը թեկնածուին առաջարկություն չի ներկայացնում, եթե Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան թեկնածուի մասով որոշում է կայացրել տվյալ թեկնածուին առաջարկություն չներկայացնելու մասին։ Սույն մասով նախատեսված որոշումը կայացնելը հանգեցնում է համապատասխան թեկնածուին դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն։

Թե ինչ չափանիշներով է կոլեգիալ կազմով գործող ԲԴԽ-ն որոշում դատավոր դառնալու համար մեծ ջանքեր գործադրած անձին առաջարկություն չներկայացնել, պարզ չէ։ Վերջին շրջանում վարչական մասնագիտացմամբ դատավորի մի քանի թեկնածուներ, որոնց առաջարկություն չի ներկայացվել, և որոնց անուններն այնուհետև հանվել են դատավորների թեկնածուների ցուցակից, դիմել են դատարան՝ վիճարկելով ԲԴԽ-ի որոշումները։

Նշենք, որ դատավորների հավակնորդների ցուցակում, բացի Երվանդ Խունդկարյանի որդուց, ընդգրկված է նաև Էդուարդ Արմենի Խաչատրյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի որդին է։

Արդյոք Բարձրագույն դատական խորհուրդն իր որդեգրած քաղաքականությունը կշարունակի նաև այս անձանց դեպքում, թե՞ վարչական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուները ցուցակից հեռացվել են բարձրաստիճան պաշտոնյաների որդիների համար ճանապարհ հարթելու նպատակով, պարզ կլինի առաջիկայում։

Արաքս Մամուլյան

Leave a comment