Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որքանո՞վ է Երևանը հարմար քայլելու համար,  ի՞նչ խոչընդոտների են հետիոտները բախվում առօրյայում․ RUX հետազոտական ընկերությունն ու Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիան, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ, հետազոտություն են իրականացրել՝ այս հարցերի պատասխանները գտնելու նպատակով։

«Վերլուծությունն իրականացվել է երեք փուլով. մեկը՝ ամբողջ քաղաքի մակարդակով տարբեր շերտերի վերլուծություն, հետո տեղափոխվել ենք արդեն համայնքային մակարդակի, և հետո արդեն ավելի որակական անալիզ է արվել մեր սոցիոլոգների, գործընկերների օգնությամբ»,- նշեց RUX ընկերության համահիմնադիր Ռազմիկ Ղազարյանը։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ սա Հայաստանում նման ծավալի առաջին ուսումնասիրությունն է։ Այն նպատակ ունի քաղաքային միջավայրը գնահատել ոչ միայն ընդհանուր տարածական տվյալների, այլև բնակիչների առօրյա փորձառության ու տարբեր կարիքների տեսանկյունից։

Ուսումնասիրության վերջին փուլում հետազոտողները կենտրոնացել են Նոր Նորքի մի հատվածի վրա՝ գնահատելով, թե որքանով է այդ տարածքը հասանելի մարդկանց համար, ինչպիսի ֆիզիկական խոչընդոտներ կան և ինչպես են դրանք ազդում տեղաշարժվելու հնարավորությունների վրա։

Երևանի քաղաքային միջավայրում մեքենաների գերակայությունը, ըստ քննարկման մասնակիցների, հետիոտնային հասանելիության հիմնական խնդիրներից է։ Մեքենաների մեծ քանակն ու դրանց կայանման համար տարածք գտնելու անհրաժեշտությունը հաճախ երկրորդ պլան են մղում ոտքով տեղաշարժվողների կարիքները։

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով՝ ներառական միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հենց այդ միջավայրից օգտվող մարդկանց կարիքները և ապահովել նրանց մասնակցությունը պլանավորման, իրականացման ու հետագա շահագործման բոլոր փուլերում։

«Հետիոտնի հասանելիությունը և քաղաքային հավասարությունը Երևանում» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի, ՆԳՆ պարեկային ծառայության ներկայացուցիչներ։ Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ քաղաքային հասանելիության գնահատման այս մոտեցումը կարող է հիմք դառնալ հետագա համագործակցության և Երևանի միջավայրի բարելավման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

Leave a comment