Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյանների վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ին կայացրած որոշումը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը։
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է նախաքննության և դատաքննության ընթացքում նրա անազատության մեջ անցկացրած ընդհանուր ժամանակահատվածը՝ 10 ամիս 12 օրը, հայտնում է Factor.am-ը:
Այսպիսով, Մասիսի համայնքապետի թեկնածուն ազատազրկման վայրում պետք է անցկացնի 5 տարի 4 ամիս 18 օր։ Պատժի կրման ժամկետի հաշվարկը կսկսվի նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման օրը՝ նոյեմբերի 27-ին։
Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը դատական ակտի հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը»։
Քրեական գործի հիմքում 2018 թվականի ապրիլի 22-ին՝ հեղափոխության օրերին, Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպն է։
Դատարանի գնահատմամբ՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա եղբայր Գոռ Համբարձումյանը և այլ անձինք փակել են դեպի Երևան տանող ճանապարհը՝ խոչընդոտելով Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին մասնակցելու նպատակով կազմակերպված երթի ընթացքը։ Նրանք նաև բռնություն են կիրառել երթի մասնակիցների նկատմամբ։ Դատարանը հաստատված է համարել նաև Դավիթ Համբարձումյանի՝ ցուցարարների ուղղությամբ կրակելու փաստը։
Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Դավիթ Համբարձումյանին մեղավոր է ճանաչել նախկին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի՝ զենքի գործադրմամբ խուլիգանության համար։
Գոռ Համբարձումյանն իր հերթին մեղավոր է ճանաչվել խմբով խուլիգանություն կատարելու համար։ Սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժ չի նշանակել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ավարտի հիմքով։
2026 թվականի հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Համբարձումյան եղբայրների մասով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել նոր քննության։
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ տնային կալանքը, փոխարինվել է վարչական հսկողությամբ, ինչից հետո նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում։ Միաժամանակ անփոփոխ են մնացել նրա նկատմամբ կիրառված մյուս խափանման միջոցները՝ 5 միլիոն դրամի գրավը և բացակայելու արգելքը։
Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկել են ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնպես էլ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները։ Պաշտպանական կողմը վիճարկել է մեղադրանքի ապացուցվածությունը՝ պահանջելով Համբարձումյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել։
Վճռաբեկ դատարանը, սակայն, եզրահանգել է, որ առաջին ատյանի դատարանը Համբարձումյան եղբայրների գործողություններին հիմնավորված քրեաիրավական գնահատական է տվել։ Բարձրագույն դատական ատյանը նաև արձանագրել է, որ գործը նոր քննության ուղարկելու որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենսդրության էական խախտում։
Ավելի վաղ Մասիսի համայնքապետի պաշտոնին հավակնող «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ասել էր, որ ամիսներ առաջ իշխանություններից ընտրությունների հետ կապված առաջարկ է ստացել և մերժել այն։
«Այո, իշխանություններից ինձ առաջարկ է եղել քննարկելու առաջիկա ընտրությունների հետագան, հենց սկզբից մերժել եմ, քանի որ ես երբեք պայմանավորված համայնքի ղեկավար չեմ աշխատի, ի՞նչ է նշանակում պայմանավորվել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա: