Բաթումում թուրք երկրպագուների և ոստիկանների բախումներից հետո Ֆիդանը զանգահարել է Բոճորիշվիլուն

Բաթումում Եվրոպա լիգայի շրջանակում Ստամբուլի «Բեշիկթաշի» և իսրայելական «Ապոելի» միջև հանդիպման ընթացքում զանգվածային բախում է տեղի ունեցել թուրք ֆուտբոլասերների և Վրաստանի ոստիկանության աշխատակիցների միջև։

Բաթումում թուրք երկրպագուների ագրեսիվ գործողությունների հետևանքով 3 ոստիկան վնասվածքներ է ստացել, 16 թուրք երկրպագու ձերբակալվել է, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հայտնում է Interfax-ը:

Իրավիճակը լարվել է դեռևս հանդիպման մեկնարկից առաջ, երբ ոստիկանները փորձել են երկրպագուներից վերցնել Պաղեստինի դրոշը։ «Բեշիկթաշի» ֆուտբոլիստները հրաժարվել են սեղմել մրցակիցների ձեռքերը, իսկ մարզադաշտի տրիբունաներից հակաիսրայելական կարգախոսներ են հնչել։

Միջադեպից հետո թուրքական «Գալաթասարայ», «Ֆեներբախչե» և «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբները դատապարտել են ոստիկանների գործողությունները՝ ՈՒԵՖԱ-ին մեղադրելով երկակի չափանիշներ կիրառելու մեջ, հայտնում է Gazeta.ru-ն:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Թբիլիսիում դեսպանատան և Բաթումիում գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները նույնպես գտնվել են մարզադաշտում և քայլեր ձեռնարկել մեր քաղաքացիների անվտանգության ապահովման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,- հայտնել է աղբյուրը։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին հայտարարել է երկրպագուների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին և խոստացել հասնել մեղավորների պատժին՝ այդ նպատակով դիմելով նաև ՈւԵՖԱ-ին։

Leave a comment