Քաղաքականություն
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրվա ընթացքում ԱՄՆ-ի որոշ շրջաններում մոլեգնել են փոթորիկներ, որոնք առաջացրել են ջրհեղեղներ և ուժեղ քամիներ՝ դժվարացնելով տոնական օրերին ճանապարհորդությունները, գրում է Euronews-ը։
Նյու Ջերսի նահանգի ծովափնյա Սի Այլ Սիթի և Օուշեն Սիթի քաղաքների փողոցները ջրածածկ են եղել, իսկ ջուրը հասել է նաև Ավալոնի տարածքի մի հատված։ Ավալոնի ղեկավար Սքոթ Ջ. Վալը հայտնել է, որ քաղաքը պատմության ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղներից մեկն է ապրում։ Նրա խոսքով՝ մի քանի վարորդների ստիպված են եղել փրկել այն բանից հետո, երբ նրանք շրջանցել են արգելապատնեշները և հայտնվել ջրի մեջ։ Սակայն պաշտոնյան նշել է, որ նրանցից ոչ ոք չի տուժել։
Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով ինքնաթիռները մնացել են թռիչքուղու վրա։ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ երկրի արևելյան հատվածի օդանավակայաններում մինչև ուրբաթ առավոտ հնարավոր են խափանումներ՝ վատ տեսանելիության, տուրբուլենտության, ուժեղ քամու և ինքնաթիռների սառցակալման պատճառով։
Նյու Ջերսիի ամբողջ տարածքում գործել է նահանգապետ Միկի Շերիլի հայտարարած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրություն էր հայտարարվել նաև Նյու Յորք նահանգի որոշ շրջաններում։
Էլեկտրաէներգիայի անջատումներին հետևող PowerOutage.us կայքի տվյալներով՝ հինգշաբթի կեսօրին ավելի քան 600 հազար տուն և ձեռնարկություն մնացել էր առանց էլեկտրականության։ Անջատումները հիմնականում գրանցվել էին Արևելյան ափի նահանգներում։Macy’s ընկերությունը Մանհեթենում անցկացվող Գոհաբանության օրվան նվիրված իր 100-րդ շքերթը հետաձգել է մինչև շաբաթ օրը։ Ընկերության հայտարարության համաձայն՝ քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով մտահոգությունները, թե շքերթի հսկայական օդապարիկներն ինչպես կդիմակայեն ուժեղ քամուն։
Հաղորդվում նաև, որ անձրևներն ու ձյունը տեղացել են նաև Միսսուրի նահանգի Սենթ Լուիսի շրջանում, որտեղ սպասվում էր մինչև 33 սմ ձյուն։ Միսսուրիի Վենցվիլ քաղաքում առատ ձյան պատճառով մասամբ փլուզվել է Wentzville Ice Arena արենայի տանիքը։
Արևմտյան ափին՝ Կալիֆորնիայի հարավային հատվածից մինչև Օրեգոնի և Վաշինգտոնի ափերը, հայտարարվել են ափամերձ ջրհեղեղների նախազգուշացումներ՝ այսպես կոչված king tides երևույթի պատճառով։ Այն առաջանում է, երբ Լուսնի և Արեգակի ձգողական ուժերը համադրվում են՝ բարձրացնելով ջրի մակարդակը։ Գոհաբանության օրվա կապակցությամբ ամերիկացիներն ավանդաբար շատ են ճանապարհորդում։ Տրանսպորտային ծանրաբեռնվածությունը սովորաբար առավել մեծ է լինում տոնին նախորդող օրերին, այլ ոչ թե հենց տոնական օրը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի