Քաղաքականություն
27.11.2026 | 15:22
«Ադրբեջանն ընդլայնում է անցյալ տարվա վերջից Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը, ինչպես նաև արագ տեմպերով շարունակում է ազատագրված տարածքների վերականգնումը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման սահմանափակումները։
«Անցյալ տարվա վերջից Ադրբեջանը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։ Մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է»,- ասել է նա։
Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկաթուղային գծի շինարարական աշխատանքներն ու այդ հարցի շուրջ բանակցությունների ընթացքը։ Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների միջև հաճախակիացած շփումներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկխոսությանը։
Առանձին քննարկվել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Բայրամովը ներկայացրել է Հայաստանում ընդունված որոշումները և հայտնել, որ տեղում աշխատանքներն արդեն սկսվել են։
Բացի այդ, Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի նոր Սահմանադրության հարցին։
Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Բայրամովի խոսքով՝ շարունակվող հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի, Էստոնիայի և այլ երկրների շրջանում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի