Էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում 2025-ին իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում 2025 թվականին իրականացվել են շուրջ 52 մլրդ դրամի ներդրումներ: Առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում: Այս մասին  ասուլիսում հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Կարգավորող ընկերությունների կողմից 2025 թվականին էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում իրականացվել են շուրջ 52 մլրդ դրամի ներդրումներ, որից 31 մլրդ դրամի չափով՝ էլեկտրաէներգետիկայի, իսկ 21 մլրդ դրամի՝ գազամատակարարման համակարգում: Ասեմ նաև, որ առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում, որից 5.2 մլրդ դրամի ներդրումն իրականացրել է «Վեոլիա ջուր» ընկերությունը, իսկ 5.5 մլրդ դրամի չափով ներդրումներ պետք է իրականացնի և իրականացնում է Ջրային կոմիտեն: Նշված ներդրումներն ուղղվել են սպառողների սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, սպառման համակարգերին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգերի կատարելագործմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը»,- նշեց ՀԾԿՀ նախագահը:

Մեսրոպ Մեսրոպյանը նշեց նաև, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իր ղեկավարած հանձնաժողովի իրականացրած միջոցառումների արդյունքում 2025 թվականին շուկայի մրցակցային հատվածում ձեռք բերված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը կազմել է շուրջ 2.4 մլրդ կիլովատ ժամ կամ ներքին սպառման 33.2 տոկոսը: Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է համապատասխանաբար 5.3, 20.1 և 27.8 տոկոս:

Նշվեց, որ 2025 թվականի վերջի դրությամբ շուկայի մրցակցային հատվածում գործել են 645 սպառողներ, այդ թվում՝ 45 որակավորված սպառողներ, 13՝ ակտիվ գործունեություն իրականացնող շուկայի մատակարարներ, 9-ը՝ թրեյդերներ և 216 մրցակցային էլեկտրակայաններ:

Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման ոլորտներում Հանձնաժողովի իրականացրած սակագնային քաղաքականության արդյունքում (հաշվի առնելով սակագների վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնները) 2025 թվականին սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագները մնացել են անփոփոխ:

Նշվեց նաև, որ 2025 թվականին Հանձնաժողովի կողմից մշակվել և ընդունվել է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնների լավացմանն ուղղված փոփոխությունների 5 ծավալուն փաթեթ:

Leave a comment