ՀՀ կառավարությունը հաստատել է 2027 թվականին գյուղատնտեսական որոշ ապրանքների, այդ թվում՝ տավարի մսի, խոզի մսի և թռչնամսի ներմուծման սակագնային քվոտաները։
Սահմանված ծավալների շրջանակում գյուղատնտեսական ապրանքներ ներմուծող տնտեսվարողները կարող են օգտվել մաքսատուրքերի արտոնություններից, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը:
«ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1706-Ն որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2027թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միս՝ 8․0 հազ․ տոննա, խոզի միս՝ 14․0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 45․0 հազ․ տոննա։
Սակագնային քվոտայի շրջանակներում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ներմուծման ժամանակ կկիրառվի նվազեցված, կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։
Ուշադրություն !!!
Մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով, փոստային կամ առձեռն։
Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։