ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում

ԱՄՆ-ը դիտարկում է Գրենլանդիայում մինչև 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական շինարարական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ամրապնդել ԱՄՆ-ի ներկայությունը Արկտիկայում։

Newsweek-ի տրամադրության տակ հայտնված գնումների փաստաթղթերում ներկայացված են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկի տիեզերական ռազմաբազայի զարգացման լայնածավալ ծրագրեր, այդ թվում՝ նոր ավիացիոն անգարների և ռազմական ինքնաթիռների սպասարկման մասնագիտացված կառույցների ստեղծում։

ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների գնահատված արժեքը 250-500 միլիոն դոլար է։ Վաշինգտոնի առաջարկները ներկայացվել են այն բանից հետո, երբ Դանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ վավերացրել է սեպտեմբերին ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև ստորագրված անվտանգության համաձայնագիրը։

Շինարարական փաստաթղթերում աշխատանքները ներկայացված են որպես «Սկզբնական գործառնական կարողությունների (IOC) փուլ»։ Ռազմական պաշտոնյաները կապալառուներից խորհրդատվություն են ակնկալում՝ ծրագրի իրականացման լավագույն տարբերակները որոշելու համար։ Առաջարկները ներառում են ինքնաթիռների համար նախատեսված երեք պաշտպանիչ անգարների, օդանավերի սպասարկման առանձին շենքի կառուցում, ինքնաթիռները կոռոզիայից պաշտպանելու համար նախատեսված կառույցներ, ինչպես նաև ավիացիոն գործողություններին աջակցող ենթակառուցվածքների բարելավում։Սեպտեմբերի 15-ին մեկնարկած գնումների գործընթացի շրջանակում առաջարկներ էին ակնկալվում դանիական և գրենլանդական ընկերություններից։ Ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններն ավարտվել են հոկտեմբերի սկզբին։

Ռազմական պաշտոնյաներն ուսումնասիրել են շինարարական ծրագիրն իրականացնելու տարբեր եղանակներ, այդ թվում՝ այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կապալառուներին հնարավորություն կտան աշխատել նախագծողների հետ համատեղ՝ մինչև շինարարության վերջնական արժեքի համաձայնեցումը։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։

ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսը հաստատել է. «Կառավարությունը նախագծման ծառայությունների մատուցման համար առանձին պայմանագիր է կնքել»։

Փաստաթղթերում նշվում են նաև անտեսանելի ինքնաթիռների սպասարկման և գաղտնի ռազմական գործողություններին աջակցելու համար նախատեսված կառույցներ։ Խոսքը նաև F-35 կործանիչների հետ կապված ALIS համակարգի մասին է, թեև Վաշինգտոնը չի հաստատել Գրենլանդիայում այդ ինքնաթիռները տեղակայելու ծրագրերը։ Հաշվի են առնվել նաև Արկտիկայի խիստ կլիմայական պայմանները․ նախատեսվում են լրացուցիչ ներդրումներ էլեկտրաէներգիայի արտադրության, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում։

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ստորագրված անվտանգության համաձայնագիրը թարմացնում է 1951 թվականի պաշտպանական համաձայնագիրը, որը կարգավորում է կղզում ԱՄՆ ռազմական ներկայությունը։ Վերանայված համաձայնագրով Վաշինգտոնին թույլատրվում է ընդլայնել իր գործունեությունը Պիտուֆիկում և Գրենլանդիայի հարավում՝ Նարսարսուակում, ինչպես նաև արևելքում՝ Մեստերսվիգում, ստեղծել լրացուցիչ ռազմական պաշտպանության գոտիներ։

Կողմերի միջև բանակցություններից հետո կարող են ստեղծվել նաև այլ ռազմական օբյեկտներ, իսկ գործող պաշտպանական գոտիներից դուրս անօդաչու օբյեկտներ տեղակայելու հարցումները կքննարկվեն արագացված ընթացակարգով։Համաձայնագրի կնքմանը նախորդել են ամիսներ տևած դիվանագիտական լարվածությունը, որի պատճառը Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու բազմիցս հնչեցրած պահանջներն էին։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը երկուշաբթի Serm Sermitsiaq-ին տված հարցազրույցում պաշտպանել է անվտանգության համաձայնագիրը՝ ի պատասխան ընդդիմադիր «Նալերաք» կուսակցության քննադատության, թե այն կղզու համար ֆինանսական օգուտներ չի նախատեսում։

«Մենք մեր փոխհատուցումը ստանում ենք պաշտպանության տեսքով»,- ասել է Նիլսենը՝ նշելով, որ ԱՄՆ-ն, որպես կանոն, իր ռազմական ուժերը հյուրընկալող երկրներին գումար չի վճարում։

Նա փաստաթուղթն անվանել է «Գրենլանդիայի համար ֆանտաստիկ համաձայնագիր» և նշել, որ տարածքը կարող է հպարտանալ, թե ինչպես է հաղթահարել Թրամփի՝ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու պահանջներից առաջացած ճգնաժամը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment