Քաղաքականություն
27.11.2026 | 13:43
Պաշտոնական Բաքուն, որը շարունակում է զբաղվել պատմության կեղծմամբ և Արցախի հայկական եկեղեցիների պատմության ու ժառանգության նենգափոխմամբ, հիմա էլ հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի գիտնականները կարող են փոխադարձ այցեր կազմակերպել և «համատեղ ուսումնասիրել Կովկասյան Աղվանքի ժառանգությունը»։
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի քաղաքական հետազոտությունների և վերլուծական ուսումնասիրությունների ղեկավար Ֆուադ Ախունդովը «Կովկասյան Աղվանքի քրիստոնեական եկեղեցին մերձավորարևելյան քաղաքակրթության համատեքստում» խորագրով XIII միջազգային գիտաժողովում հայտարարել է, թե տարածաշրջանում սկսվել է նոր փուլ, որը հնարավորություններ է ստեղծում հայ գիտնականների հետ գիտական ոլորտում համագործակցության համար։
Շարունակելով կեղծել հայկական Գանձասար վանական համալիրի պատմությունը՝ Ախունդովը խոսել է «վանքի աղվանական ժառանգության ուսումնասիրության մասին ու նշել, որ ըստ վիմագիր արձանագրության՝ հուշարձանը կառուցվել է 1240 թվականին՝ Աղվանից կաթողիկոսի օրոք»։ Նա կոչ է արել հայ գիտնականներին կառուցողական մոտեցում ցուցաբերել այս հարցի հետ կապված և հետազոտել արձանագրությունը։
«Դիմում եմ հայ գիտնականներին. եկել է կառուցողական աշխատելու ժամանակը։ Եկեք, տեսեք. վիմագիր արձանագրության մեջ գրված է՝ Աղվանից կաթողիկոս։ Անհրաժեշտ է վերջ դնել նրանց ստին, ովքեր պնդում են, թե այնտեղ նման արձանագրություն չկա»,- հայտարարել է նա։
Հավելենք, որ Բաքուն կազմակերպված արշավ է իրականացնում Արցախում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ, վերջին օրերին հատկապես, թիրախում է Գանձասարի վանական համալիրը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևն ասել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական կերպարը»։
Էմմա Չոբանյան