Եվրագոտու երկրների առաջնորդները համաձայնեցրել են Էռնանդես դե Կոսի թեկնածությունը ԵԿԲ նախագահի պաշտոնում

Եվրագոտու երկրները պայմանավորվել են Պաբլո Էռնանդես դե Կոսին առաջադրել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահի պաշտոնում, իսկ Լորանս Բունին և Մարկուս Բրուներմայերին՝ ԵԿԲ գործադիր խորհրդի անդամների պաշտոններում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Ես Եվրոպական խորհրդին կառաջարկեմ խորհրդակցություններ սկսել Եվրոպական խորհրդարանի և ԵԿԲ կառավարիչների խորհրդի հետ։ Դա հիմք կստեղծի դեկտեմբերին Եվրոպական խորհրդի կողմից ԵԿԲ նոր ղեկավար կազմի պաշտոնական նշանակման համար», – գրել է Կոշտան X-ում։

Ներկայում 55-ամյա Էռնանդես դե Կոսը Բազելում գործող Միջազգային հաշվարկների բանկի (BIS) գլխավոր տնօրենն է։

ԵԿԲ նախագահի պաշտոնի համար նա մրցակցում էր մեկ այլ թեկնածուի՝ Նիդեռլանդների կենտրոնական բանկի նախկին ղեկավար Կլաաս Կնոտի հետ։ Չնայած Կնոտի առաջադրմանը՝ Նիդեռլանդների կառավարությունը հետագայում միացել է դե Կոսի նշանակման հարցում եվրոպական մյուս երկրների ընդհանուր դիրքորոշմանը։

Ավելի վաղ՝ 2018-2024 թվականներին, Էռնանդես դե Կոսը զբաղեցրել է Իսպանիայի բանկի կառավարչի պաշտոնը։

ԵԿԲ գործող նախագահ Քրիստին Լագարդը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ նախատեսում է ժամկետից շուտ՝ 2027 թվականի փետրվարի 7-ին լքել պաշտոնը։ Նա բանկը ղեկավարում է 2019 թվականից։

Leave a comment