Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի իշխանությունները հայտնել են, որ 16 մարդ է ձերբակալվել թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ֆուտբոլային ակումբների միջև Բաթումիի մարզադաշտում կայացած հանդիպումից հետո։ Խաղի ընթացքում «Բեշիքթաշ»-ի երկրպագուների և վրաց ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվել է, գրում է Civil Georgia-ն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել։ Հաղորդումների համաձայն՝ միջադեպի կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի և Վրաստանի ՆԳ նախարարները։

Բաթումին հոկտեմբերին ընտրվել էր Եվրոպայի լիգայի հանդիպման անցկացման վայր՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Հաղորդումների համաձայն՝ այդ որոշումը կայացվել էր Գազայի հատվածում պատերազմի շուրջ թուրք-իսրայելական լարվածության ֆոնին։ Լարվածությունը սկսել էր աճել դեռևս նոյեմբերի 26-ի հանդիպմանը նախորդող ժամերին։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին տարածվել, որոնցում երևում էին Բաթումիի փողոցներով բարձր աղմուկով երթով անցնող «Բեշիքթաշ»-ի երկրպագուների մեծ խմբեր, ինչպես նաև երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ։

Լարվածությունը տեղափոխվել է մարզադաշտ, որտեղ հանդիպումը ստիպված են եղել դադարեցնել՝ տրիբունաներում Վրաստանի ոստիկանության և «Բեշիքթաշի» երկրպագուների միջև բախումների պատճառով։ Մարզադաշտից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները պղպեղի սփրեյ օգտագործում, մինչդեռ երկրպագուները տարբեր առարկաներ, այդ թվում՝ մարզադաշտի նստատեղերի մասեր են նետում ոստիկանների ուղղությամբ։

Ի վերջո, հանդիպումը վերսկսվել է և ավարտվել «Բեշիքթաշի»՝ 2։1 հաշվով հաղթանակով։

Թուրքական ֆուտբոլային ակումբներն ու պաշտոնյաները համերաշխություն են հայտնել «Բեշիքթաշ»-ին և ակումբի երկրպագուներին՝ դատապարտելով Վրաստանի ոստիկանության կողմից ուժի, իրենց բնորոշմամբ՝ «անհամաչափ» կիրառումը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Վրաստանում կայացած հանդիպման ժամանակ «Ազատություն Պաղեստինին» պաստառն ու Պաղեստինի դրոշը պարզած «Բեշիքթաշ»-ի երկրպագուների նկատմամբ միջամտությունն ու բռնությունն անընդունելի են»,- X-ում գրել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ և փոխնախագահ Օմեր Չելիքը՝ միաժամանակ դատապարտելով «իսրայելական թիմի սադրանքները խաղադաշտում»։

Anadolu գործակալությունը, իր հերթին, հաղորդել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրա վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի միջև հեռախոսազրույցի մասին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ լարվածության ֆոնին ձերբակալվել է 16 մարդ, իսկ «երկրպագուների բռնի գործողությունների հետևանքով ՆԳՆ երեք աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»։ Նախարարությունը նաև հերքել է տեղեկությունները, թե ոստիկանության գործողությունները կապված են եղել Պաղեստինին աջակցող դրոշների և պաստառների ցուցադրման հետ։

«Մենք կտրականապես հերքում ենք այս տեղեկությունը և ընդգծում, որ երկրպագուների բռնի գործողություններն ու իրավապահների հետ բախումները սկսվել են դեռևս այդ դրոշների ու պաստառների ցուցադրումից առաջ, երբ երկրպագուները շարժվում էին դեպի մարզադաշտ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Բեշիքթաշ»-ի երկրպագուները «կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցնելով և տարբեր առարկաներ նետելով, չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել իրավապահներին և ֆիզիկական բախումների մեջ մտել նրանց հետ»։

«Որոշ երկրպագուների բռնի և սադրիչ գործողությունները շարունակվել են նաև մարզադաշտի տարածքում»,- նշել է նախարարությունը՝ հավելելով, որ երկրպագուները «վնասել են մարզադաշտի ենթակառուցվածքները, այդ թվում՝ նստատեղերը, որոնք այնուհետև նետել են իրավապահների ուղղությամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment