ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բարբարոսական վարչախումբը հերթական, բայց ոչ վերջին պահանջով. Ոսկանյան

Սահմանադրության հետ կապված՝ Հայաստանում, փաստացի, քաղաքական ճգնաժամ է, որն, ըստ էության, ստեղծել է Բաքվի բարբարոսական վարչախումբն իր հերթական, բայց ակներևաբար ոչ վերջին պահանջով, այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

«Եթե չասեմ քաղաքականապես անգրագետ, ապա առնվազն միամիտ պետք է լինել հավատալու, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի նույնիսկ ներսում առավելագույնը պատմական նշանակություն և խորհրդանշական արժեք ունեցող Անկախության հռչակագրին որևէ սահմանադրության նախաբանում հղման առկայությունը կամ բացակայությունը։

 

Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան։

 

Ըստ այդմ, այդ թշնամական վարչախումբն իր բոլոր հնարավորություններով ձգտել և ձգտում է «խաղաղության գործընթաց» կոչեցյալի վերջնարդյունքում ստանալ առնվազն մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից, չի ունենա որևէ լուրջ հնարավորություն զարգացման և հզորացման, կլինի արհեստածին Ադրբեջանից ամբողջովին կախյալ և բովանդակազուրկ մի կվազիպետություն՝ մշտական ներքին պառակտմամբ և ճգնաժամերով։

 

Արդյո՞ք սա ենք երազել և երազում մենք՝ որպես ազգ և պետություն։ Դեռևս կարծում եմ, որ՝ ոչ»,-նշել է Ոսկանյանը։

Leave a comment