«Եթե Պուտինը մնար «Մեծ ութնյակի» անդամ, գուցե հիմա Ուկրաինայում պատերազմ չլիներ։ Պուտինը խորապես վիրավորվեց, երբ դա տեղի ունեցավ։ Հենց Օբաման էր ցանկանում նրան հեռացնել։ Այժմ գործում է «Մեծ յոթնյակը», և մենք անընդհատ խոսում ենք միայն Ռուսաստանի մասին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
– Մենք փորձում ենք բարի կամք դրսևորել։ Մենք նրանց բոլոր հնարավորությունները տալիս ենք՝ համաձայնության գալու և բազմաթիվ կյանքեր փրկելու համար։ Բայց վստահ չեմ, որ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից։ Ոմանք հարցնում են՝ ինչո՞ւ ենք մենք սա անում. մի՞թե նրանք խելագար են։ Գուցե և այդպես է։
– Մենք ավելի ենք հզորանում։ Մենք այնտեղ ենք ուղարկել ևս մեկ ավիակիր հարվածային խումբ։ Մենք լիովին պատրաստ ենք։ Նրանք այնքան էլ խելացի չեն և լուրջ սխալներ են թույլ տալիս։
– Չեմ կարծում, որ Չինաստանն իսկապես ներգրավված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, թեև նրանք կարող էին միջամտել։ Ինձ համար «միջամտություն» նշանակում է իրական ռազմական գործողություններ, այլ ոչ թե պարզապես որևէ աննշան տեղեկատվության փոխանցում, ինչը, ի դեպ, մենք նույնպես անում ենք։ Երբ ասում են, թե Չինաստանը կարող է լրտեսել մեզ, կհիշեցնեմ՝ մենք էլ ենք նրանց լրտեսում։ Մեզ ասում են. «Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին»։ Բայց մենք նույնպես հետախուզական տվյալներ ենք փոխանցում՝ ընդ որում՝ շատ ավելին, քան նրանք։ Ե՛վ Չինաստանը, և՛ Ռուսաստանը ցանկանում են, որ Իրանի շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Կարծում եմ՝ նրանք օգնում են ինձ։
– Եթե որևէ գործողություն ձեռնարկեինք, ապա կհարվածեինք Փայքեքս լեռանը։ Մենք կարող ենք բաց խոսել այդ մասին նրանց հետ, քանի որ նրանք ոչինչ չեն կարող անել՝ մեզ կանգնեցնելու համար։ Այնուամենայնիվ, այնտեղ որևէ իրական ակտիվություն չենք նկատել։
– Լավ կլիներ, եթե նրանք համաձայնության գային։ Անձամբ ես չեմ կարծում, որ… Գիտեք, բենզինի գները հիմա զգալիորեն նվազում են։
– ՆԱՏՕ-ն, ինչպես գիտեք, այժմ ներգրավված է մեզ հետ միասին։ Դաշինքի ներկայացուցիչները գտնվում են Իրանի տարբեր հատվածներում և հիանալի են դրսևորել իրենց։