Մամեդով․ Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է

Ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է, հայտնում է Արմենպրեսը:

Մամեդովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում խաղաղության վերաբերյալ սպասումներն ու պատկերացումները տարբեր են, և խաղաղության օրակարգի ուղղությամբ աշխատանքում անհրաժեշտ է հաշվի առնել այդ հանգամանքը։ Խոսելով գոյություն ունեցող տարաձայնությունների մասին՝ ադրբեջանցի փորձագետը նշել է, որ դրանք առնչվում են բազմաթիվ հարցերի։ Այդուհանդերձ, կողմերը ձգտում են բաց քննարկումների միջոցով ներկայացնել երկու հասարակություններին անհանգստացնող խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները։

«Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչն է մտահոգում մեր հասարակություններին, որոնք են այդ թեմաներն ու պատճառները, և ինչի կարող ենք հասնել, եթե այդ հարցերն իրենց լուծումը գտնեն։ Այս խնդիրներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Եթե չենք կարող կարճ ժամկետներում լուծել բոլոր խնդիրները, կենտրոնանում ենք այն հարցերի վրա, որոնց ուղղությամբ կարող ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- նշել է նա։

Մամեդովը երկխոսության նշանակալի ձեռքբերումներից է համարել նաև այն հանգամանքը, որ քննարկումների մասնակիցները թեմատիկ սահմանափակումներ չունեն և կարող են անդրադառնալ նույնիսկ առավել զգայուն խնդիրներին։

«Մեր յուրաքանչյուր երկխոսություն անկեղծ զրույց է և շատ, գուցե նույնիսկ զգայուն հարցերի քննարկում։ Մենք հասել ենք նրան, որ մեզ համար փակ թեմաներ չկան։ Կարող ենք միմյանց հարցեր տալ և ստանալ դրանց պատասխանները։ Այս ձևաչափը ենթադրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անմիջական շփումը պետության ներկայացուցիչների հետ, ինչից էլ մենք օգտվեցինք. երկու ժամվա ընթացքում հարցեր էինք տալիս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին»,- ասել է նա։

Ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգողը հայտնել է նաև, որ նախաձեռնության հինգերորդ հանդիպման առանձնահատկություններից մեկը վեց թեմատիկ հանձնաժողովների գործունեությունն է։ Դրանց աշխատանքն ընդգրկելու է բնապահպանական, տնտեսական, ենթակառուցվածքային, հումանիտար և մեդիայի ոլորտներին վերաբերող հարցեր։

Հանձնաժողովների կազմում ներգրավված մասնագետները կքննարկեն հետագա աշխատանքի ուղղությունները, Հայաստանի և Ադրբեջանի պետական կառույցներին ուղղվելիք առաջարկները, ինչպես նաև առկա տարաձայնությունների հաղթահարմանը նպաստող հնարավոր գործնական քայլերը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանցի փորձագետների այցը պետք է կայանար սեպտեմբերին, սակայն հետաձգվել էր Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի Արցախում արված հայտարարությունների պատճառով: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները կոչ էին արել խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել:

Leave a comment