ՌԴ-ի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Զախարովան՝ TRIPP նախագծի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոսկվայում սկզբունքորեն կարևոր են համարում, որ TRIPP նախագծի իրականացման ժամանակ հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս նախագիծը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի տարածաշրջանում։ Հակառակ դեպքում այդ տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման»,- ասել է Զախարովան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։ Դրանից բառացիորեն մեկ ժամ առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի հիմնվելու միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստանի հավաստիացումների վրա և ուշադիր հետևելու է նախագծի իրականացմանը։

Նա նաև նշել է, որ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Մինչ օրս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերը և ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները:

Զախարովան ընդգծել է, որ, ըստ էության, «Թրամփի ուղին» հիմնականում կրկնօրինակում է այն, ինչ մշակվել է անցած տարիներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տարանցման կազմակերպման մասին էր, այլև դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելք ունեցող հայկական երկաթուղային ենթակառուցվածքի լիարժեք ապաշրջափակման մասին էր։

Սակայն, ցավոք, Երևանը սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբին 2023 թվականին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։

Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։

Sputnik Արմենիա

Leave a comment