Ինչո՞ւ էր պետք նույն պահին իրավական ծուղակներից բան չհասկացող հանրությանը ներկայացվեր իրավական ֆիլտրերով չանցած նոր Սահմանադրության նախագիծը, որը նախ չի քննարկվել նեղ մասնագիտական շրջանակներում, անգամ Սահմանադրության բարեփոխումների խորհրդում, առաջին հայացքից անհասկանալի է՝ Ալիեւի պահանջներից անդին։ Նախագծի իրավական կազուսները չասած՝ անգամ նորմալ հայերենով մատուցելու խնդիրները չեն լուծվել։ Մենք բազմաթիվ լեզվական սխալներ նկատեցինք, երբեմն թվում էր, թե որոշ հատվածներ արհեստական բանականությունն է գրել, որովհետեւ անգամ թերգրագետ մարդը չի կարող «պարտավորությունները կրել» եւ այլ այս բնույթի ուրիշ շատ ձեւակերպումներ անել։
Ի՞նչ պիտի հասկանա հանրությունն այդ ծուղակներից, որ մի հատ էլ՝ քննարկի, եթե միայն նախագիծը չի նետվել դաշտ՝ քաղաքական բեւեռացումն ու հակադրությունն ավելի խորացնելու կամ արագացնելու նպատակով, ավելի հասունացնելու համար այն որոշումը, որը հաջորդելու է «կամ՝ վեց մանդատ, կամ՝ արտահերթ ընտրություններ» իշխանական ուլտիմատում-թնջուկի լուծման համար։
Քանզի առաջին հայացքով իսկ նոր նախագծում վեր են հանվում բազմաթիվ թերասացություններ, թաքնված ականներ, որոնք հասարակության տարբեր շերտերի վախերն են սնում, իսկ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն այն անվանում է եղածների մեջ ամենախոտան փաստաթուղթը։
Նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, սահմանադրական փոփոխությունների՝ ԱԺ-ում քվեարկության համար անհարժեշտ քվեները նվազեցվել են 3/5-ի, մեղմացվել է ՍԴ դատավորների, Գլխավոր դատախազի ընտրության շեմը՝ մինչեւ անգամ պարզ քվեարկությամբ ընտրվելու հնարավորությամբ, դատական համակարգի ինքնուրույնությունն է վտանգի տակ հայտնվել, քանի որ դատավոր լինելու որոշումը կայացնելու է հինգ մարդ, որոնց ընտրելու է ԱԺ-ն, այսինքն՝ իշխանությունը։ Ատելության խոսքի, ապատեղեկատվության դեմ պայքարի, պետության դեմ հանցագործությունների անվամբ՝ մամուլի եւ խոսքի ազատության դեմ թաքնված սպառնալիքներ են ամրագրվել, ինչպես նաեւ քաղաքացիությունից զրկելու դրույթ է ներմուծվել՝ երբ պետության դեմ հանցանք է առկա։ Պետության դեմ գործելը երկսայրի սուր է՝ մի իշխանություն կարող է ռուսամետների գործունեությունը հակապետական դիտել, մի իշխանություն էլ՝ արեւմուտքի պատվերները կատարելը, քաղաքական հետապնդման հոտ է գալիս այս դրույթից։
Նախագծով պատգամավորը, նախարար աշխատելուց հետո, կարող է հետ գալ եւ կրկին մանդատ վերցնել։ Նախարարներին պետք է հաստատի ԱԺ-ն, վարչապետի որոշ լիազորություններ կրճատվում են, որոշներն՝ ավելանում, նույնը ԱԺ-ի վերաբերյալ է, որոշ կառույցներ լուծարվելու են, ինչպես , օրինակ, Անվտանգության խորհուրդը։ Բազմաթիվ այլ զարմանահրաշ դրույթներ կան՝ սկսած «ՀՀ ժողովուրդ» բնորոշումից մինչեւ մարդու իրավունքները սահմանափակող խնդրահարույց դրույթներ։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: