Հանելով անկախության հռչակագիրը՝ ՀՀ-ն ընդունում է, որ եղել է «ագրեսոր». Դա է օդի նման Ադրբեջանին անհրաժեշտ. Դավիթ Շահնազարյան. Factor TV

Հայաստանի արտաքին և ներին քաղաքական զարգացումները՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև արտաքին ուժերի ազդեցություն, մնում են հանրային և փորձագիտական ուշադրության կենտրոնում: Factor TV-ի եթերում քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն անդրադարձել է այս խնդիրներին, Ադրբեջանի պահանջներին, «Զանգեզուրի միջանցք» եզրույթի շրջանառությանը, Հայաստանում ներքաղաքական հնարավոր վերադասավորումներին:

Անդրադառնալով Բաքվի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Շահնազարյանը շեշտում է, որ դա պատահական չէ: Ըստ նրա՝ «Ադրբեջանին օդի նման անհրաժեշտ է այդ կետը», որովհետև, նրա խոսքով, «հանելով անկախության հռչակագիրը՝ Հայաստանն ընդունում է, որ ինքը եղել է ագրեսոր, դա ընդունում է այսօր, և ամբողջովին լվանում Ադրբեջանի արյունոտ մռութը: Սա իրականություն է, որը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ»:

Միաժամանակ, նա աբսուրդային է համարում այն պնդումը, թե հռչակագիրը կարող է իրական խոչընդոտ լինել Հայաստանի համար, եթե հնարավորություն ստեղծվի վերադարձնել Արցախը: «Ենթադրենք՝ ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ունի թե՛ այս քաղաքական, բարենպաստ իրավիճակի պատճառով, թե՛ իր ներքին ռեսուրսներով վերադարձնել Արցախը… Ենթադրենք այդ պահին հռչակագիրը չկա Սահմանադրության մեջ. դա կանգնեցնելո՞ւ է Հայաստանին: Ո՛չ, բացարձակապես»:

Նա նաև թերահավատ է, որ Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի խաղաղության. «Վստահություն չունեմ, որ դրանից հետո Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրի: Այդ պահանջները շատանալու են, Ադրբեջանը ցանկանում է հասնել մի այնպիսի սուբյեկտի հետ պայմանագիր ստորագրել, որի նպատակը նրան ոչնչացնելն է»:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Շահնազարյանը կանխատեսում է արտահերթ ընտրություններ: «Փաշինյանն ունի առնվազն 10-ից ավելի ձայներ ընդդիմադիր խմբակցություններում» հանրաքվեն անցկացնելու համար, սակայն նա վստահ է, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների: Ըստ նրա՝ «Փաշինյանին պետք է ունենալ նոր ընդդիմություն»:

Շահնազարյանը կոշտ է արտահայտվում նաև ներկայիս ընդդիմության դիրքորոշման վերաբերյալ՝ հատկապես արտաքին քաղաքական հարցերում: Նա մեղադրում է նրանց ռուսամետության և պետականության շահերն անտեսելու մեջ:

Շահնազարյանը կտրականապես դեմ է արտատարածքային (էքստերիտորիալ) ցանկացած միջանցքի գաղափարին: «Անընդունելի է էքստերիտորիալ ամեն ինչ. ամերիկյան դրոշի տակ կանցնի, թե ռուսական դրոշի տակ՝ անընդունելի է»,- շեշտում է գործիչը: «Կողմ եմ ԹՐԻՓՓ-ի մյուս ծրագրերը թող աշխատեն՝ բացի ճանապարհներից: Ճանապարհները մահացու վտանգ են մեր պետականությանը»:

Ամփոփելով խոսքը՝ Դավիթ Շահնազարյանը համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանը չի հրաժարվի Սյունիքում իր ազդեցությունը հաստատելու ծրագրերից: «Ռուսաստանը մի պահանջ ունի՝ դա իններորդ կետն է… Այդ միջանցքը իր վերահսկողության տակ պիտի լինի»: Սակայն նա բացառում է, որ ԱՄՆ-ը կզիջի այդ տարածքը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment