Մեսրոպ Մովսիսյանն անլուրջ է վերաբերվում ամերիկյան մոդուլային ատոմակայանների մասին քննադատություններին

«Երեք ամսվա ժամանակահատվածը դեռ չի ավարտվել, օրերս կավարտվի եւ մամուլով կտեղեկանանք, գաղտնի որեւէ բան չկա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին՝ պետությունը գերակա շահի հիմքով կվերցնի՞ ՀԷՑ-ի սեփականության իրավունքը։

Նա մանրամասնեց՝ պետությունը նախկին սեփականատիրոջը վաճառքի գին կառաջարկի, եթե համաձայնության չգան, հանրային շահ ճանաչելու մասով, ըստ օրենքի կշարունակվի գույքի օտարման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ատոմակայանի՝ նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի մեջ գտնվելու պատճառով կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց․ «Այդ բացը լրացվում է այլ կայանների ավելի աշխատանքի ճանապարհով, հետեւաբար, վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք»։ Նա հայտարարեց՝ ցանկացած պահի Հայաստանը այս կամ այն էլեկտրակայանը կարող է փոխարինել կանգառի մեջ գտնվող էլեկտրակայանով․ «Այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք»։

Հարցի համատեքստում ՀԾԿՀ նախագահը մանրամասն խոսեց ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի համաձայնությունների մասին՝ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու մասով։ Իր համար աննորմալ է, որ այդ ամենի մասին խոսում են ոչ թե մասնագետները, այլ քաղաքական գործիչները։ Կարծում է՝ քաղաքական գործիչների ծայրահեղ որակումները լավ տեղ չեն տանի մեզ։

Նա նկատեց՝ ՀԱԷԿ-ը երբ կառուցվում էր խորհրդային տարիներին, առաջիններից մեկն էր, եւ քննարկումները հակասական էին, եւ եթե այն ժամանակվա խորհրդային ղեկավարները չհամաձայնվեին շինարարությանը, ապա անկախության 34 տարիներին Հայաստանը կոլապսի մեջ կհայտնվեր։

Քննադատություններին, որր ամերիկացիները աշխարհում առաջին անգամն են կառուցում մոդուլային ատոմակայաններ, մինչդեռ ՌԴ-ն եւ Չինաստանն արդեն ունեն կառուցած մոդուլային կայաններ, բանախոսը լուրջ չի վերաբերվում․ ասում է՝ 10 պետություններում ԱՄՆ-ի կողմից կառուցվելիք 51 մոդուլային ատոմակայանները գտնվում են նախագծման փուլում։ Ամերիկյան մոդուլային ատոմակայաններն իր կարծիքով, մի շարք առավելություններ ունեն՝ պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով են աշխատելու, սարքավորումների 80-90 տոկոսը արտադրվելու են իրենց հիմնական երկրներում․ այսինքն, դրանք բոլոր առումներով ավելի բարձր դասի են, քան ունենք, դրանց ռեակտորային մասը հողի մեջ է լինելու։ Վերջապես, իր կարծիքով, մի բան է ունենալ մեկ 400 մեգավատանոց ատոմակայան, այլ բան, եթե ունենանք 8 հատ 50 մեգավատանոց մոդուլներ․ դրանք ավելի ճկուն են եւ դրանց աշխատանքն ավելի արդյունավետ է։ Մեսրոպ Մովսիսյանի գնահատմամբ՝ դա Հայաստանի պայմանների համար նախընտրելի է։

Նա նաեւ մանրամասնեց՝ գործող ԱԷԿ-ը դեռ 10 տարի աշխատելու է, որից հետո մասնագետների քննարկումների արդյունքում եւս 5-10 տարի կարող է երկարացվել ԱԷԿ-ի աշխատանքը, հետո նոր կսկսվի մոդուլային ատոմակայանների կառուցման աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment