Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգու մոտ նկատել են ծառահատում կատարող երկու երիտասարդի

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում պարբերաբար իրականացվում են նաև ուժեղացված ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել «Արզական» անտառպետության պահաբաժիններից մեկում ապօրինի ծառահատում կատարող չորս տղամարդու, որոնցից երկուսը՝ Բջնի, երկուսը՝ Արզական գյուղի բնակիչ են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Ոստիկանության գվարդիայի Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները։ Նրանք նոյեմբերի 22-ին՝ ժամը 20.15-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգու մոտ նկատել են ծառահատում կատարող երկու երիտասարդի, որոնք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի և Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։ Ուժեղացված ծառայության ընթացքում նրանք Բերդ-Ծաղկավան ճանապարհին կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈԻԱԶ» մակնիշի բեռնատարը։ Պարզվել է, որ բեռնատարում առկա ակացիա տեսակի փայտանյութի վերաբերյալ 42-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չունի։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Բերդ քաղաքի 32-ամյա բնակչից։ 

Ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է 126 հազար դրամի վնաս։ 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment