Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները՝ համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող փորձագետի ներգրավմամբ, 2026 թվականի նոյեմբերի 11-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և «Երասխահունի կրթահամալիր» ՊՈԱԿ (այսուհետ՝ Դպրոցներ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ինչպես նաև մատչելի կրթական գործընթացի մշտադիտարկման նպատակով։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սովորողների իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող սովորողների՝ կրթության իրավունքի լիարժեք և անխոչընդոտ իրացմանն առնչվող խնդիրներին։
Դպրոցները նորակառույց են, և ընդհանուր առմամբ փորձ է կատարվել հաշվի առնվել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանն ուղղված պահանջները։
Միևնույն ժամանակ, այցի ընթացքում արձանագրվել են մատչելիության ապահովմանն առնչվող առանձին խնդիրներ, որոնց մեծ մասն ունի համակարգային բնույթ։
Մասնավորապես՝
«Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թեքահարթակները չեն համապատասխանում թեքության պահանջներին, իսկ «Երասխահունի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի արտաքին թեքահարթակներից երեքի թեքությունը կամ երկարությունը գերազանցում է թույլատրելին։
Տեսողության և լսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ միջոցները բավարար չեն։ Մասնավորապես, տեսողական ազդարարման և լսողական օժանդակ համակարգեր նախատեսված չեն։
Տարհանման ելքերն անվասայլակով տեղաշարժվող անձանց համար հասանելի չեն և այլն։
Այցի ընթացքում արձանագրվել են նաև Դպրոցների շենքային պայմանների հետ կապված խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Մասնավորապես՝
Դպրոցներում էլեկտրամատակարարման և դրա հետ կապված այլ խնդիրների պատճառով ջեռուցման համակարգը չի գործել, ինչի հետևանքով չեն ապահովվել անհրաժեշտ ջերմային պայմանները և տաք ջրի մատակարարումը։ Այցերի պահին Դպրոցների շենքերում արձանագրվել է ցածր ջերմաստիճան։
«Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առկա է սովորողներին տաք սննդով ապահովելու համար նախատեսված ճաշարան։ Այցի պահին, սակայն, խոհանոցի էլեկտրական սարքերին էլեկտրաէներգիայի միացման հետ կապված խնդիրների պատճառով հնարավոր չի եղել ապահովել սովորողներին տաք սննդով։
Այցերի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Դպրոցների տնօրենների հետ։ Դպրոցների տնօրինություններն ու աշխատակազմերն այցերի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Այցերից հետո Պաշտպանի աշխատակազմն անհապաղ կապ է հաստատել գործընթացում ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով։
Արդյունքում՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ին «Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվել է ջեռուցման համակարգը և ապահովվել տաք ջրի մատակարարումը։
«Երասխահունի կրթահամալիր» ՊՈԱԿ-ում ջեռուցման ապահովման աշխատանքները դեռևս շարունակվում են։
Պաշտպանն ընդգծում է «Երասխահունի Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սովորողների համար անհրաժեշտ և պատշաճ պայմանների ապահովման կարևորությունը և ակնկալում, որ իրավասու մարմինները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման հետ կապված խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու ուղղությամբ։
Մշտադիտարկման այցերի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ միասին կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: