Այսօրվա իր պարզաբանմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է՝ «խաղաղության» կեղծ թեզերի հիմնավորմամբ: Նման դիտարկում ֆեյսբուքյան իր էջում արել է Արցախի նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգարյանը։
Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կենսաչափական նոր անձնագրերի մեջ արցախցիների ծննդավայրը նշելիս պետք է հիմնվել նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի թեզերի վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Նա պնդեց, որ այդ երկուսն անհամատեղելի են իրար հետ` կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի շրջանակում մնանք, ու սա պարզ քաղաքական ընտրություն է։
«Այսինքն՝ ՆԳՆ-ի ճիգերը հիմնավորելու այդ խայտառակությունը միջազգային ստանդարտներով, հենց իրենց կողմից ժխտվում են: Էլ չասեմ, որ սխալ ու մոլորեցնող պնդումներ են անում ISO ու ICAO փաստաթղթերի վերաբերյալ»,- նշել է Բեգլարյանը։
Նա նաև արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի այսօրվա հարցին, թե ինչ պետք է գրված լիներ անձնագրերի «ծննդավայր» դաշտում։ Ըստ Բեգլարյանի՝ պետք է գրվեր այն, ինչ գրված է մարդկանց ծննդականներում, դա է միջազգային ստանդարտը՝ ԽՍՀՄ կամ Հայաստան կամ ԼՂՀ։ Բեգլարյանը, միաժամանակ, նշել է, վերջին տարբերակը, իհարկե, ISO ստանդարտից դուրս է։
«Իսկ եթե քաջություն կամ քաղաքական կամք չունեք Ադրբեջանից բացի այլ պետության անվանում գրել, այդ դեպքում գրեք միայն բնակավայրի անվանումը: Ընդ որում՝ դա էլ պետք է գրել այնպես, ինչպես գրված է ծննդականներում, ոչ թե փորձեք ադրբեջանական օկուպացիոն անվանումներ գրել»,- նշել է Բեգլարյանը։
Ի վերջո, հնարավոր է պարզապես դատարկ թողնել «ծննդավայր» դաշտը, ինչը ևս համապատասխանում է միջազգային նորմերին ու պրակտիկային: Արցախի նախկին ՄԻՊ-ը շեշտում է՝ անձը պետք է ազատություն ունենա ընտրելու եղած տարբերակներից որևէ մեկը, ոչ թե վզին փաթաթեն քաղաքական իշխանության քարոզչական թեզերն ու նպատակները։
Նշենք, որ այսօր ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը կառավարության մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին դիմելով՝ հայտարարել էր, թե «բա որտե՞ղ են ծնվել։ Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է։ Եթե այդ մարդիկ այնտեղ են ծնվել, բա ի՞նչ պետք է գրվեր, Արցախն իրենք լուծարել են»։