Քաղաքականություն
26.11.2026 | 18:01
Մոսկվայի 235-րդ կայազորային ռազմական դատարանը նոյեմբերի 25-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Յուրի Գրեխովին կալանավորելու որոշում է կայացրել։ Գեներալին ներկայացված մեղադրանքների էությունը չի բացահայտվում, գրում է The Insider-ը։
Ուժային կառույցներին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը գրում է, որ Գրեխովին կասկածում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են նաև «Կոմերսանտի» աղբյուրները։
Գրեխովը 2021 թվականից զբաղեցնում է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալի պաշտոնը։ Նա գեներալ-գնդապետի կոչում ունի։
Օդատիեզերական ուժերում նա ծառայում է 2015 թվականից, իսկ մինչև 2018 թվականը ղեկավարել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը։
Հակաօդային պաշտպանության զորքերում նա ծառայել է դեռևս 2000-ականներին, սկզբում զբաղեցրել է Հատուկ նշանակության հրամանատարության ՀՕՊ դիվիզիայի շտաբի պետի՝ հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի ուշ՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի