ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Լուսինե Բադալյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բաումանին:
«Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման լավագույն մոդելներից է»,- հանդիպման մեկնարկին նշել է Արուսյակ Մանավազյանն ու արժևորել Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում, ընդգծել խորհրդարանական փոխգործակցության առանձնահատուկ նշանակությունը:
Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանն ու ժողովրդին Հայաստանի համար կարևոր ու զգայուն հարցերում մշտապես աջակցելու համար:
Արուսյակ Մանավազյանն ընդգծել է, որ ընթացիկ շաբաթը նշանավորվել է երկու կարևոր իրադարձությամբ՝ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմամբ և ԹՐԻՓՓ-ի մեկնարկով։ Սահմանադրական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարուստ փորձի ուսումնասիրման տեսանկյունից կարևորվել է Շվեյցարիայի դերակատարումը։ Այս համատեքստում դեսպանն առանձնացրել է հատկապես որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցության շվեյցարական փորձը՝ որպես համագործակցության հեռանկարային ուղղություն։
Անդրեա Բաումանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Նա մանրամասնել է Շվեյցարիայի ֆինանսավորմամբ մեր երկրում իրականացվող աջակցության ծրագրերն ու աշխատանքները։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մեր երկրում ժողովրդավարական գործընթացների առաջմղմանը, մի շարք ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, շվեյցարահայ համայնքի գործունեությանը, տարածաշրջանային խնդիրներին։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտացնելու երկկողմ փոխգործակցությունը՝ հաշվի առնելով, որ Շվեյցարիան Հայաստանի համար ոչ միայն կարևոր գործընկեր է, այլև բարեկամ երկիր։
ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: