ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման հարցին, ասել է, որ ոչինչ չի խանգարում արտահերթ ընտրությունների սցենարին, բայց, կարևոր է հանրության հետ երկխոսությունը:
«Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին, բայց, բացի ընդդիմությունից, շատ կարևոր է հանրության հետ երկխոսությունը»,- ասել է նա, գրում է Radar.am-ը:
Վարչապետի խոսքով՝ կա հանրության և քաղհասարակության հետ երկխոսության կարիք:
«Երբ կունենանք այնպիսի նախագիծ, որը պատրաստ կլինի ուղարկել ԱԺ, կլինի քվեարկություն, և քվեարկության արդյունքներով արդեն հետագայի մասին կմտածենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ աննախադեպ բան է առաջարկում նոր Սահմանադրության տեքստը:
«Բոլոր անկախ, ինքնավար մարմիններում ընդդիմության համար նախատեսված է քվոտա։ Դա չի նշանակում, որ պաշտոնները քաղաքականացվում են, բայց որոշակի երաշխիքներ են ստեղծվում, որ դատական համակարգում, ԿԲ-ում այդ առումով ներառականությունն ապահովվելու է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատել է առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։