2026 թվականի նոյեմբերին ունեցել ենք այս ծրագրից օգտվող 578 հազար շահառու. Թորոսյանը՝ հետվճարային համակարգից օգտվողների մասին

«Նախագծով առաջարկվում է  անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառման ծրագիրը երկարացնել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը»,-կառավարության նիստում  զեկուցեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

Նրա խոսքով՝ ներկայում կենսաթոշակների և նպաստների շահառուներին տրամադրվում է անկանխիկ գործարքների 20 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։

«2026 թվականի նոյեմբերին ունեցել ենք այս ծրագրից օգտվող 578 հազար շահառու, և հետվճարի միջին չափը 8200 դրամ է։ Եթե համեմատեմ տարվա սկզբի թվերի հետ, տարվա սկզբին ունեցել ենք 415 հազար շահառու, և միջին չափը եղել է 6900 դրամ, այսինքն՝ մենք կտրուկ աճ ունենք տարվա ընթացքում։ Խոսքը, փաստորեն, 150 հազարից ավելի քաղաքացիներին է վերաբերում, և պրոցեսը շարունակվում է»,- հայտնեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում հետվճարի վրա արդեն ծախսել են մոտ 42 մլրդ դրամ, իսկ մյուս տարվա համար պետական բյուջեից նախատեսել են մոտ 60 մլրդ դրամ։

Փաշինյանն էլ գոհունակությամբ արձանագրեց, որ թոշակառուների մոտ 90 %-ն արդեն օգտվում է հետվճարի համակարգից

Leave a comment