Սիրանուշ Սահակյանը մասնակցել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին

Նոյեմբերի 25-26-ը Փարիզում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համաժողովների կենտրոնում, անցկացվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի (ACN) լիագումար նիստ, որին մասնակցել է նաև Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ Երկօրյա նիստի շրջանակում քննարկվել են տարածաշրջանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքին, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործմանն ու միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր։

Նիստի օրակարգում քննարկվել է Հակակոռուպցիոն ցանցի 2027-2030 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որը հիմնված է 2026 թ. ապրիլին Վիլնյուսում կայացած հակակոռուպցիոն առաջնորդների ռազմավարական երկխոսության արդյունքների վրա։ Նիստը հյուրընկալել էր Լիտվայի Հատուկ քննչական ծառայությունը։

Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են նաև Հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի շրջանակում առաջարկվող փոփոխությունները՝ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակում մոնիթորինգի վեցերորդ փուլին ընդառաջ։

Նոյեմբերի 26-ին լիագումար նիստի շրջանակում անցկացվել է նաև Հակակոռուպցիոն ցանցի երրորդ տարածաշրջանային քաղաքական երկխոսությունը, որի նպատակն էր ներկայացնել հակակոռուպցիոն ոլորտում տարբեր երկրների փորձը, գնահատել գործող իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետությունը, բացահայտել դրանց կիրառման ընթացքում առաջացող խնդիրները և քննարկել հնարավոր լուծումները։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվել երկու հիմնական թեմայի՝ կոռուպցիոն հանցագործությունների համար կորպորատիվ պատասխանատվությանը և կոռուպցիայի հետ կապված ֆինանսական հոսքերի դեմ պայքարին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել իրավաբանական անձանց՝ կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու իրավական մեխանիզմներին, կորպորատիվ պատասխանատվության ինքնուրույն բնույթին, կիրառվող պատժամիջոցներին, ինչպես նաև՝ կոռուպցիայի հետևանքով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, հետագծման, սառեցման, բռնագրավման և վերադարձի մեխանիզմները։

Քննարկումներին մասնակցել են Հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հակակոռուպցիոն ցանցը ՏՀԶԿ-ի Կաշառքի դեմ պայքարի աշխատանքային խմբի շրջանակում գործող տարածաշրջանային ծրագիր է, որի նպատակն է աջակցել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին կոռուպցիայի դեմ պայքարում՝ խթանելով բարեփոխումները, քաղաքական երկխոսությունն ու արդյունավետ փորձի փոխանակումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment