Նոյեմբերի 25-ին Աշխաբադում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։
Հանձնաժողովի նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Ագաջանովը։
Նիստը նախագահողները հանդես են եկել բացման խոսքով։ Նախարար Դավիթ Խուդաթյանն իր խոսքում ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների տնտեսական համագործակցության կարևորագույն գործիքներից է։
Այն հնարավորություն է տալիս ոչ միայն քննարկելու առկա հարցերը, այլև առաջադրելու նոր նախաձեռնություններ և ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։
Նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ Հայաստանի բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման լայն հնարավորություններ կան էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
«Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ՝ ուղղված փոխադարձ շահերի վրա հիմնված նոր ծրագրերի իրականացմանը և մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։
Միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ավարտին տեղի է ունեցել նիստի արձանագրության և այլ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: