Ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել նոր Սահմանադրությունը, եթե դրա հեղինակը չի հարգում գործող մայր օրենքը. քահանա

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները, մտահոգությունների և քննադատությունների առիթ են դարձել։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը MediaHub-ի հետ զրույցում նոր Սահմանադրությունն անլուրջ է համարել՝ կասկածի տակ դնելով դրա հեղինակների մոտեցումները։

«Ինչպե՞ս կարող է այդ Սահմանադրությունը լուրջ ընդունվել, եթե Նիկոլ Փաշինյանը բազմիցս խախտել է գործող Սահմանադրության դրույթները։ Մի մարդ, որը երկիրը տանում է դեպի բռնապետություն, ինչպե՞ս կարող է լինել նոր Սահմանադրության հեղինակը»,- ասել է քահանան։

Նրա խոսքով՝ իշխանությունը կարող է միջազգային հանրությանը ներկայացնել, թե նոր Սահմանադրության բոլոր դրույթները պահպանվելու են ժողովրդավարական Հայաստանում, մինչդեռ երկրի ներսում նույն իշխանությունը կարող է ցանկացած պահի խախտել մայր օրենքը։

Հատկանշական է, որ նոր Սահմանադրության նախագծում Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող փոփոխություններն ուշադրության են արժանացել անգամ ադրբեջանական լրատվական դաշտում։ Մասնավորապես, ադրբեջանական «Девичья Башня» կայքն անդրադարձել է նախագծում նախատեսվող փոփոխությանը՝ նշելով, որ պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործող Սահմանադրության ձևակերպումից հանվել է «կարող են» բառը։

Եթե գործող Սահմանադրությամբ նշվում է, որ պետության և եկեղեցու հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով», ապա նոր նախագծում, ըստ կայքի հրապարակման, այդ բառերը բացակայում են։ Կայքը, հաշվի առնելով իշխանության և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև առկա հակամարտությունը, ենթադրություն է հայտնել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո եկեղեցու նկատմամբ իշխանության քայլերը կարող են ավելի կոշտ բնույթ ստանալ։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին։ Նա նշել է, որ մարդու իրավունքները բավարար չափով պաշտպանված չեն, և խախտումներ են տեղի ունենում նաև քրեակատարողական հիմնարկներում ու ոստիկանությունում՝ այնտեղ պահվող անձանց նկատմամբ։

Խոսելով կրոնական իրավունքների պաշտպանության մասին՝ քահանան անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշմանը։ Մանասյանը նշել է, որ կրոնի և դավանանքի ազատությունը պետք է պաշտպանված լինի բոլորի համար, իսկ մարդկանց «աղանդավոր» անվանելը կարող է դիտարկվել որպես նրանց կրոնական իրավունքների խախտում։

Տեր Վրթանեսը, մեկնաբանելով այս մոտեցումը, տարակուսանք է հայտնել՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է անվանել այն կրոնական խմբերին, որոնք չեն հարում Հայ Առաքելական եկեղեցուն կամ առանձին կրոնական ուղղություններ են ներկայացնում։ «Բա ի՞նչ ասենք»,- զարմանք է հայտնել քահանան։

Նա ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններն ու ազատությունից զրկելու դեպքերը ևս համարել է սահմանադրական կարգի խախտման դրսևորումներ։

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես դեմ եմ Ալիևի թելադրանքով և պարտադրանքով գրված Սահմանադրությանը։ Այդ Սահմանադրությունը որևէ ուժ չունի, քանի որ դրա փոփոխության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Տեր Վրթանեսը նշել է, որ իր գնահատմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր համայնք որպես այդպիսին մնացել է Մասիսը։ Նա մտահոգություն է հայտնել, որ այնտեղ ևս կարող են քայլեր ձեռնարկվել՝ իշխող ուժի թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով։

Leave a comment