Armenian Code Academy-ի (ACA), Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի (TEF) և Firebird ընկերության նախաձեռնությամբ 2027 թվականի սեպտեմբերին Հրազդանում նախատեսվում է բացել Hrazdan Technology College-ը (HTC):
Դա կլինի եռամյա տեխնոլոգիական քոլեջ, որը կպատրաստի արհեստական բանականության և տվյալների կենտրոնների ենթակառուցվածքների ոլորտի մասնագետներ։ Քոլեջի ստեղծմանն աջակցում է նաև ՄԱԶԾ-ն (UNDP) «Հրազդան. Տեղական ներդրումներ և տնտեսական վերափոխում» ծրագրի շրջանակներում։
Առաջին ընդունելությամբ նախատեսվում է ընդգրկել 100 ուսանողի, իսկ ուսուցումը կլինի անվճար։
Նախաձեռնության մասին հայտարարվել է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Քոլեջի ստեղծումը պայմանավորված է Հայաստանում արհեստական բանականության արդյունաբերության զարգացմամբ և համապատասխան մասնագետների աճող պահանջարկով։ 2026 թվականի օգոստոսին Հրազդանում բացված AI տվյալների կենտրոնը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար՝ միաժամանակ առաջ բերելով ենթակառուցվածքների ճարտարագետների, ինչպես նաև տվյալների կենտրոնների շահագործման և սպասարկման մասնագետների պատրաստման անհրաժեշտություն։
Նախաձեռնության նպատակն է Հայաստանում ձևավորել նոր տեխնոլոգիական ենթակառուցվածքների պահանջներին համապատասխան մասնագիտական կրթության համակարգ՝ միաժամանակ բարձրորակ տեխնոլոգիական կրթությունն ավելի հասանելի դարձնելով մարզերի երիտասարդների համար։
Hrazdan Technology College-ի կրթական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 հիմնական ուղղությամբ՝
- Ենթակառուցվածքների ճարտարագիտություն (Infrastructure Engineering)՝ ներառելով էներգամատակարարման, ցանցային և տվյալների պահպանման համակարգերը, ինչպես նաև տվյալների կենտրոնների շահագործումը։
- Մեքենայական ուսուցում և AI հաշվարկային համակարգեր (Machine Learning & AI Computing)՝ ներառելով ամպային տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, ֆիզիկական AI համակարգերը և կիբեռանվտանգությունը։
Ուսումնառության առաջին տարում ուսանողները կստանան միասնական հիմնարար կրթություն, իսկ հաջորդ երկու տարիներին կխորացնեն իրենց գիտելիքները ընտրված մասնագիտական ուղղությամբ։ Կրթական ծրագիրը կհամադրի տեսական ուսուցումը, լաբորատոր աշխատանքները և ոլորտային գործընկերների հետ գործնական նախագծերը։
Դասավանդման գործընթացում կներգրավվեն ACA-ի դասախոսներ, միջազգային փորձագետներ և ոլորտի գործող մասնագետներ։ Շրջանավարտները հնարավորություն կունենան ձեռք բերելու միջազգային մասնագիտական հավաստագրեր։
Քոլեջի առաջնահերթություններից է տեխնոլոգիական կրթության հասանելիության ընդլայնումը Հայաստանի մարզերում՝ երիտասարդներին հնարավորություն տալով որակյալ մասնագիտական կրթություն ստանալ իրենց տարածաշրջանում։
Ընդունելությանը կարող են մասնակցել 12-րդ դասարանն ավարտած անձինք։ Ընտրությունը կիրականացվի քննության և հարցազրույցի հիման վրա, իսկ Կոտայքի բնակիչների համար նախատեսվում են առանձին տեղեր։
2027 թվականի հունվարի 12-ին Հրազդանում կմեկնարկի նաև անվճար նախապատրաստական ծրագիր՝ մաթեմատիկա, ֆիզիկա և անգլերեն առարկաներից։ Մոտ 20 շաբաթ տևողությամբ ծրագրին կկարողանա մասնակցել մինչև 150 երիտասարդ։ Հայտերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի նոյեմբերի վերջին։
Hrazdan Technology College-ի ստեղծումը միավորում է կրթական կազմակերպությունների և տեխնոլոգիական արդյունաբերության մասնագիտական ներուժը։
Ծրագիրը կիրականացնի Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը (TEF)՝ օգտագործելով Armenian Code Academy-ի մասնագիտական ներուժն ու կարողությունները։ ACA-ը և TEF-ը, որոնք համատեղ վերապատրաստել են ավելի քան 20,000 մասնագետի, նախաձեռնության շրջանակում կներդնեն տեխնոլոգիական կրթության ոլորտում կուտակած իրենց փորձն ու մասնագիտական ռեսուրսները։
Ծրագրի գլխավոր գործընկեր Firebird ընկերությունը կաջակցի ինչպես կրթական բովանդակության մշակմանը, այնպես էլ գործնական ուսուցման կազմակերպմանը՝ նպաստելով կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության միջև կապի ամրապնդմանը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Հրազդանի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող՝ Հրազդանը որպես տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու պորտֆելի շրջանակում կաջակցի կրթական բովանդակության մշակմանը՝ միջազգային փորձագետների ներգրավման և առաջատար փորձի տեղայնացման միջոցով։
Նախատեսվում է, որ քոլեջի առաջին շրջանավարտները ուսումնառությունը կավարտեն 2030 թվականի հունիսին։
Նախաձեռնության երկարաժամկետ նպատակն է ձևավորել տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության համագործակցության կայուն մոդել, որը կնպաստի Հայաստանի մարզերում մասնագիտական ներուժի զարգացմանը և հետագայում հնարավոր կլինի կիրառել նաև այլ տարածաշրջաններում։