ԱՄՆ տնտեսությունում գնաճային ճնշումը շարունակում է աճել

Հոկտեմբերին և նոյեմբերի առաջին կեսին ԱՄՆ-ում տնտեսական ակտիվության աճը կրկին փոքր-ինչ դանդաղել է, մինչդեռ գնաճային ճնշումը շարունակել է ուժեղանալ։

Դաշնային պահուստային համակարգի 12 տարածաշրջանային շրջաններից ութում տնտեսական աճի տեմպերը տատանվել են թույլից (slight) մինչև չափավոր (moderate) մակարդակների միջև, իսկ մնացած չորսում այդ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը գրեթե չի փոխվել։ Նախորդ հաշվետու ժամանակահատվածում աճի բացակայություն էր արձանագրվել երեք շրջանում, իսկ դրանից առաջ՝ երկուսում։

Սպառողական ծախսերը նախորդ ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ էական փոփոխություններ չեն կրել, քանի որ սպառողները ուշադիր հետևում են գներին և ավելի ընտրողաբար են մոտենում ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների գնումներին։ Զբոսաշրջության և ճանապարհորդությունների ոլորտում ակտիվությունը բարձր է եղել, մինչդեռ ժամանցի և հյուրանոցային ծառայությունների վրա ծախսերը տարբեր ուղղություններով են փոփոխվել։ Ավտոմեքենաների վաճառքն ընդհանուր առմամբ նվազել է, ինչը պայմանավորված է վառելիքի բարձր գներով և տոկոսադրույքների աճով։

Զեկույցի համաձայն՝ բնակելի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը դանդաղել է, քանի որ բնակարանների մատչելիության հետ կապված խնդիրները զսպում են պահանջարկը։ Շինարարության ոլորտում ակտիվությունը նվազել է փոխառությունների բարձր արժեքի և ծախսերի ավելացման ֆոնին։

Միևնույն ժամանակ, վերամշակող արդյունաբերության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում ակտիվությունը չափավոր աճել է:

Բանկային ոլորտում պայմանները գրեթե չեն փոխվել․ վարկերի նկատմամբ պահանջարկը մնացել է զուսպ, մինչդեռ ոչ ֆինանսական ծառայությունների ոլորտում ակտիվությունը փոքր-ինչ աճել է։

Զեկույցի հեղինակները նշում են, որ բնակարանային և այլ հիմնական ապրանքների ու ծառայությունների բարձր ծախսերը ճնշում են ամերիկացիների բյուջեները։ Միևնույն ժամանակ, շրջանների մեծ մասում հարցվածները սպասում են, որ տնտեսական ակտիվության աճի տեմպերը կմնան թույլ կամ չափավոր։

Երկրում զբաղվածության մակարդակն ընդհանուր առմամբ փոքր-ինչ աճել է։ Որոշ ոլորտների ներկայացուցիչներ նշում են աշխատուժի նկատմամբ կայուն կամ աճող պահանջարկի մասին, սակայն շատերն անորոշության և սպառողական ծախսերի թուլացման պայմաններում նոր աշխատակիցներ ընդունելու հարցում զգուշավոր մոտեցում են ցուցաբերում։ Աշխատողներ գտնելը համեմատաբար հեշտ է, սակայն պահպանվում են դժվարությունները որակավորում և տեխնիկական հմտություններ պահանջող հաստիքների համալրման հարցում։

Աշխատավարձերն ու պարգևավճարները չափավոր տեմպերով աճել են, մինչդեռ նախորդ հաշվետու ժամանակահատվածում դրանց աճը բնութագրվել էր որպես զուսպ (modest)։

Միացյալ Նահանգներում գները չափավոր աճել են, ինչպես և նախորդ հաշվետու ժամանակահատվածում։ Տարբեր ոլորտների ներկայացուցիչները հայտնում են ծախսերի վրա շարունակվող գնաճային ճնշման մասին, որը պայմանավորված է էներգակիրների, տրանսպորտի, առողջապահության, ապահովագրության և ներմուծման մաքսատուրքերի հետ կապված ծախսերով։ Բացի այդ, թանկացել են հումքը, մետաղները, մասնագիտացված ներմուծվող ապրանքները, ինչպես նաև բեռնափոխադրումների սակագները։

Արտադրական ծախսերի աճն ընդհանուր առմամբ գերազանցել է արտադրողների վաճառքի գների բարձրացումը, քանի որ մրցակցությունը և գնորդների զգայունությունը գների փոփոխությունների նկատմամբ սահմանափակել են ընկերությունների՝ ծախսերի ավելացումը սպառողների վրա փոխանցելու հնարավորությունը։ Հարցվածները սպասում են, որ առաջիկա ամիսներին կշարունակեն աճել ինչպես ծախսերը, այնպես էլ գները։

Leave a comment