Ռուսաստանի հետ կապված պետք է խոսել ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին. Փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը նշեց, որ երկու երկրների միջև լարվածությունը ոչ թե աճում է, այլ նվազում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության հետ կապված պետք է խոսել ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առաջիկայում ՌԴ կատարելիք իր այցերին, արտահանման սահմանափակումներին և ԵՄ–ԵԱՏՄ ընտրության հարցին։

«Մեր ընկալումն այն է, որ չպետք է վնաս հասցնենք ՌԴ–ին, Ռուսաստանն էլ մեզ չպետք է վնաս հասցնի։ Այլ բան է, որ մենք` որպես ինքնիշխան տարբեր երկրներ, տարբեր մասշտաբների ինքնիշխան երկրներ, ունենք քաղաքականություններ մշակելու և որդեգրելու անկախություն ու ինքնուրույնություն»,– ասաց Փաշինյանը` ավելացնելով, որ ԱԺ–ում ԵՄ մասին օրենքի չեղարկումը հնարավոր չի համարում։

Նա վստահ է` երկխոսության նպատակը լինելու է այն, որ անպայման գտնեն լուծումներ։

Փաշինյանը նշեց, որ երկու երկրների միջև լարվածությունը ոչ թե աճում է, այլ նվազում է, ու դա արդյունքն է այն բանի, որ հայկական կողմի վերաբերմունքն իրավիճակին բոլոր դեպքերում բարեկամական է։

Հիշեցնենք` Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեկտեմբերին 3 անգամ Մոսկվա է մեկնելու` ամսի 3–ին, 11–ին և 22–ին։ Դեկտեմբերի 22-ին նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Leave a comment