Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի և ԱՄՆ-ի այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ, ինչը գլոբալ առևտրային լարվածության վերջին սրումն է, հաղորդում է CBS News-ը։

ԱՄՆ-ը նախատեսում է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնել ևս 20 տոկոսային կետով՝ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության համար դրանց ընդհանուր դրույքաչափը հասցնելով 45 տոկոսի։ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է նաև բարձրացնել Եվրամիությունից, Սինգապուրից, Շվեյցարիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Կամբոջայից, Թաիլանդից, Հարավային Կորեայից, Վիետնամից, Թայվանից, Բանգլադեշից, Ճապոնիայից և Հնդկաստանից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերը։

ԱՄՆ-ի նոր սահմանափակումներից առավել տուժող երկրների թվում է Բրազիլիան։ Վաշինգտոնը նախատեսում է բարձրացնել բրազիլական հում և վերամշակված շաքարի մաքսատուրքերը, ինչպես նաև ինքնաթիռների նկատմամբ սահմանել նոր՝ 10 տոկոս մաքսատուրք։

Նախատեսվող մաքսատուրքերի նպատակն է սահմանափակել առևտրային այն գործելակերպերը, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, վնասում են ամերիկյան ընկերություններին։ Դրանց թվում Սպիտակ տունը նշում է այդ տնտեսություններում արտադրության չափազանց մեծ ծավալները։

«Տասնամյակներ շարունակ մեր բազմաթիվ առևտրային գործընկերներ որդեգրել են արդյունաբերական ռազմավարություններ, որոնք հիմնված են արտադրության նպատակային խթանման, աշխատավարձերի և աշխատանքային պայմանների ճնշման, ֆինանսական և այլ աջակցության, ոչ շուկայական տնտեսության մեխանիզմների կիրառման և շուկան խեղաթյուրող այլ գործելակերպերի վրա։ Այս ամենը նպաստում է նրանց օգտին առևտրային հաշվեկշռի ձևավորմանը՝ միաժամանակ թուլացնելով ԱՄՆ-ի արտադրական բազան»,- հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։

Նախատեսվող մաքսատուրքերը կսահմանվեն 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի հիման վրա։ Այն ԱՄՆ առևտրային ներկայացուցչին (USTR) լիազորում է հետաքննել առևտրային պրակտիկաները, եթե դրանք խախտում են գործող համաձայնագրերը, չեն հիմնավորվում շուկայական գործոններով կամ ուղղակիորեն խտրականություն են դրսևորում ամերիկյան ապրանքների նկատմամբ։

Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից ամիսներ տևած հետաքննությունների ավարտին։ Դրանք վերաբերում էին 12 երկրների, Եվրամիության անդամ 27 պետությունների և Թայվանի առևտրային գործելակերպերին։ ԱՄՆ-ն հետաքննություններ է իրականացնում նաև Մեքսիկայի և Նորվեգիայի նկատմամբ, սակայն այդ երկրների համար դեռևս նոր մաքսատուրքեր չի սահմանել։

Երեքշաբթի լրագրողների հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ մաքսատուրքերի սահմանման առաջարկը դեռևս քննարկման փուլում է, և դրանց կիրառման ժամկետների վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրել։ Պաշտոնյան ընդգծել է, որ նոր մաքսատուրքերը կվերաբերեն կոնկրետ ապրանքատեսակների և չեն գումարվի Թրամփի վարչակազմի կողմից ավելի վաղ սահմանված գործող մաքսատուրքերին։

Փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել էր մաքսատուրքերի լայնածավալ փաթեթը, որը նախագահը սահմանել էր 2025 թվականին՝ International Emergency Economic Powers Act (Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին) օրենքի (IEEPA) հիման վրա։ Այս որոշումը կազմաքանդել է վարչակազմի տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը և կառավարությանը պարտավորեցրել վերադարձնել մաքսատուրքերի դիմաց վճարված գումարները հազարավոր տուժած ընկերություններին։

Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանելու այլ ուղիներ է գտել՝ կիրառելով առևտրային օրենսդրության այլ դրույթներ, այդ թվում՝ 232-րդ բաժինը, որը նախագահին թույլ է տալիս սահմանափակել այն ապրանքների ներմուծումը, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment