«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է, որ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։
«Միանգամից ասեմ` որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում: Կան մի շարք քրեական գործեր, որոնցով ես տուժող եմ, և կա քրեական գործ, որտեղ ես որպես վկայի կարգավիճակ ունեմ»,–ասել է Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ին անցկացրած ճեպազրույցից հետո իրեն հրավիրել են հարցաքննության՝ որպես վկա։
«Իմ կարգավիճակը վկայից չի փոխվել մեղադրյալի, համենայնդեպս ես նման տեղեկություն չունեմ»,–ասել է նա։
2018-ի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից և հետագայում ԱԺ պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը «Tete a tete»–ին տված հարցազրույցում անդրադարձել է կուսակցության վարչության անդամ եղած ժամանակաշրջանում իր ունեցած ինքնաքննադատական ելույթին։ Այդ ելույթում նա բարձրաձայնել է նաև Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Սարգսյանի պնդմամբ՝ հենց դրանից հետո են սրվել հարաբերությունները կուսակիցների հետ։ Նախկին պատգամավորը նաև հանգել է այն եզրակացության, որ ՔՊ-ում պատրաստ չեն ընդունելու ներկուսակցական քննադատությունը։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի հայտարարությունները բնորոշել է որպես քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։ Փաշինյանի խոսքով՝ Սարգսյանն իր անվան հետ է կապել այն հանգամանքը, որ արտոնյալ պայմաններում Հայաստանի տարածքում երթևեկել է ապօրինի պետհամարանիշներով։ Իրավապահները նրանց մի քանի անգամ կանգնեցրել են, սակայն խախտումները չեն արձանագրել։
Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի հարաբերություններում լարվածություն է առաջացել դեռևս 2020 թվականին՝ «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ժամանակ։