Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կստանա «ԱՊՀ+» ձևաչափի մասնակցի կարգավիճակ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը` նշելով, որ այդ հարցը քննարկման փուլում է։
Լեբեդևի խոսքով՝ Թեհրանի շահագրգռվածությունն ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ Նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների շրջանում և գերազանցապես դրական գնահատականներ է ստացել։
«Այժմ քննարկվում է նման ձևաչափ Իրանին տրամադրելու հարցը», – նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ «ԱՊՀ+» ձևաչափը կոչված է ընդլայնելու ԱՊՀ փոխգործակցությունը կազմակերպության հետ համագործակցությամբ հետաքրքրված երրորդ երկրների հետ՝ առանց ԱՊՀ-ին որպես լիիրավ անդամներ նրանց միանալու։
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ԱՊՀ–ի ստեղծման մասին համաձայնագրին միացան ևս ութ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը։ Համագործակցության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը անվտանգության ոլորտում։ ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակը գտնվում է Մինսկում։