Ի՞նչ են ասում Ալիևը, Փաշինյանը, Քըլըչը և մյուսները: Ասում են, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ հարևաններից (ի մասնավորի՝ Ադրբեջանից ու Թուրքիայից): Շատ պարզ հարց. գործող Սահմանադրության մեջ արդյոք կա՞ տարածքային պահանջ որևէ հարևան երկրի նկատմամբ: Շատ պարզ ու ակնհայտ պատասխան. ո՛չ, ոչ մի նման պահանջ Հայաստանի որևէ հարևան պետության նկատմամբ չկա: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, նրա իսկ վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանը հատուկ քննել է այդ հարցը ու կատարել նույն ակնհայտ եզրակացությունը (իրավական մեկնաբանությունը). գործող Սահմանադրության մեջ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա (խոսքը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը քննելիս ՍԴ-ի կայացրած որոշման մասին է):
Բայց Ալիևը, Փաշինյանն ու էրդողանենք ասում են, թե, չէ՜, գիտե՞ք, Հայաստանի անկախության հռչակագրին է հղում արվում Սահմանադրության նախաբանում:
Լավ, այդ դեպքում ևս մեկ շատ պարզ հարց. Հայաստանի Անկախության հռչակագրում որևէ երկրից որևէ տարածքային պահանջ կա՞:
Ուզում եք՝ խոշորացույցով նայեք, ուզում եք՝ մանրադիտակով, բայց տառացի վերլուծությամբ՝ 1990 թվականի Հայաստանի Անկախության մասին հռչակագրում բառացիորեն ձևակերպված «տարածքային պահանջ» կամ որևէ հարևան երկրի տարածք նվաճելու պահանջ, նպատակ կամ ցանկություն չկա, արտացոլված չէ:
Ի՞նչ կա Հռչակագրի տեքստում. պրեամբուլայում (ներածականում) նշվում է, որ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա»:
Իսկ արդեն բուն հռչակագրի 11-րդ կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Իրավական տեսանկյունից այս ձևակերպումները տարածքային պահանջներ չեն։ Առաջինը վերաբերում է ԽՍՀՄ ներսում երկու հայկական միավորների ինքնորոշման իրավունքի իրացմանը (երբ դեռ գոյություն չունեին անկախ Ադրբեջան և անկախ Հայաստան պետությունները), ավելին, պրեամբուլայում 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիշատակումը հռչակման պատմաքաղաքական նախադրյալ ու հիմնավորում է:
Դա պահանջ չէ: Ու չի կարող մեկնաբանվել որպես պահանջ:
Իսկ երկրորդը՝ Արևմտյան Հայաստան պատմաաշխարհագրական եզրույթի գործածությունը հստակեցնում է, թե աշխարհագրորեն որտեղ և ում դեմ է իրականացվել ցեղասպանության ոճրագործությունը: Բայց էլի՝ ոչ մի տարածքային պահանջ:
Փաստերը սրանք են, այլ ոչ թե այս կամ այն գործչի, մանիպուլյացիաների հակված կամ չհակված, կրքոտ կամ անկիրք հռետորի ասածը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: