«Դեռևս թարմ են տպավորությունները՝ 6-րդ ֆորումի հետ կապված, երբ մեր գործընկերները հյուրընկալել էին մեզ Թբիլիսիում: Այդ քննարկման արդյունքներով են նախանշվել համագործակցության նոր հնարավորություններ»,- Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների 7-րդ իրավական ֆորումի բացմանն, ի թիվս այլնի, նշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ ֆորումի 2 օրերի ընթացքում համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություն կստեղծվի: Գալյանի խոսքով՝ հայ-վրացական ռազմավարական գործընկերության կարևորագույն բաղադրիչներից մեկը նաև արդարադատության ոլորտում համագործակցությունն է:
Նա անդրադարձավ նաև Սահմանադրության նոր նախագծի հրապարակմանը՝ նշելով, որ այն կատարելագործելու համար կարևոր է նաև հարևան երկրների փորձը: «Մեր նպատակն է՝ այնպես անել, որպեսզի մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները որևէ պարագայում չսահմանափակվեն, իհարկե, սահմանափակվեն միայն օրենսդրությամբ սահմանված ճանապարհով, և ճիշտ հակառակը՝ ընդլայնվեն: Սրանով է պայմանավորված, որ նոր Սահմանադրության տեքստում մի շարք իրավունքներ, որոնք այսօր գործող Սահմանադրության համատեքստում ունեն սոցիալական նշանակություն և համարվում են այլ սերնդի իրավունքներ, ներկայացվել են որպես հիմնարար իրավունքներ: Խոսքը առողջապահության, կրթության, աշխատանքի իրավունքների մասին է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր և առաջանցիկ քայլ է»:
Սրբուհի Գալյանը խոսեց նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղությամբ կատարվող աշխատանքների, հարկադիր ծառայության գործառույթների, պետությունների թվային փոխակերպումների և այլնի մասին:
Մանրամասն՝ տեսանյութում.
Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցչի ելույթից հետո, մինչ քննարկումը սկսելը՝ ֆորումի մասնակիցները խմբային լուսանկարվեցին:
Ֆորումն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: