67.8 մլն դրամ՝ ՔԿՀ աշխատակիցների աշխատավարձերի համար. ՆԳՆ-ից միջոցներ կփոխանցվեն

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաստիքներից կրճատվել է 100 միավոր և փոխանցվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը (ՔԿԾ):

Այս մասին MediaHub-ը տեղեկացավ կառավարության նիստի օրակարգային նախագծերից:

Հաշվի առնելով իրականացվող գործառույթները՝ փոխանցված 100 միավորից 50-ը նախատեսվում է որպես ՔԿԾ միջին խմբի ծառայողների (ՔԿՀ առաջատար մասնագետ) հաստիքներ։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ դրանցից շուրջ 30-ն արդեն համալրված են, իսկ ընթացիկ ամսվա ավարտին կանխատեսվում է համալրել ևս 20-ը։ Այս 50 ծառայողների վարձատրության համար անհրաժեշտ է 67,804,422 դրամ։

Բացի այդ, եթե 2026 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ էին հատկացվել 300 քրեակատարողական ծառայողների ատեստավորման հաշվարկով, ապա ՆԳՆ-ից վերաբաշխվող ևս 17 մլն դրամ կուղղվի լրացուցիչ 80 ծառայողների ատեստավորման արդյունքում աշխատավարձերի բարձրացման ապահովմանը։

Ընդհանուր առմամբ, կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՆԳՆ-ի «1234» ծրագրից նվազեցնել 85,153.6 հազար դրամ և այն ուղղել ՔԿԾ-ի «11001. Քրեակատարողական ծառայություններ» ծրագրին։ Նշվում է, որ այս վերաբաշխման արդյունքում պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի առաջանա, և հետագայում այդ միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի լինի։

Leave a comment