Telegram-ով խարդախության փորձեր են արվում ԱԱԾ աշխատակիցների անվան տակ (PAN.am)

ՆԳՆ կիբեռոստիկանությունը նախազգուշացնում է Telegram հավելվածով տարածվող խարդախության նոր դեպքերի մասին, որոնց ընթացքում անհայտ անձինք ներկայանում են որպես ԱԱԾ աշխատակիցներ։

Խարդախները Telegram հավելվածով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով ներկայանալով որպես ԱԱԾ ներկայացուցիչներ։

Տարբեր հիմնավորումներով նրանք քաղաքացիներից պահանջում են բանկային հաշիվներից կանխիկացնել ֆինանսական միջոցները, դրանք վերածել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց կողմից նշված հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

Կիբեռոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը և չկատարել նմանօրինակ պահանջները։

Մասնավորապես, խորհուրդ է տրվում չհավատալ ԱԱԾ աշխատակից ներկայացող անծանոթ անձանց զանգերին ու հաղորդագրություններին, զերծ մնալ դրամական միջոցների կամ կրիպտոակտիվների փոխանցումից, իսկ կասկածելի իրավիճակներում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Նման զանգերի և հաղորդագրությունների միջոցով խարդախները նպատակ ունեն ապակողմնորոշել քաղաքացիներին և տիրանալ նրանց ֆինանսական միջոցներին։

Leave a comment