Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են Արթիկում կատարված բնակարանային գողությունը։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել են Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։
Տեղեկությունն իրացվել է նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվել և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանել է մեղքը և ներկայացվեց նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։