Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է առաջին անգամ սահմանադրական մակարդակով ամրագրել ԶԼՄ–ների ֆինանսական թափանցիկության սկզբունքը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է առաջին անգամ սահմանադրական մակարդակով ամրագրել զանգվածային լրատվության միջոցների ֆինանսական թափանցիկության սկզբունքը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը CivilNet-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է Մայր օրենքի մակարդակով ամրագրել ԶԼՄ-ների՝ ֆինանսական թափանցիկությամբ գործելու պարտականությունը, որպեսզի հաջորդ իշխանությունները չկարողանան պարզապես փոխել այդ սկզբունքը խորհրդարանական մեծամասնության որոշմամբ։
«Մենք սահմանադրական մակարդակի ենք բերել այն սկզբունքները, որոնց հետ կապված մտահոգություն ունենք, որ հաջորդ իշխանությունները, օրինակ, կարող է որոշեն օրենսդրական մակարդակում՝ քաղաքական իշխող մեծամասնությամբ, փոփոխել։ Մեր պատկերացմամբ, ԶԼՄ-ի՝ ֆինանսական թափանցիկությամբ գործելու պարտականությունն այնպիսի սկզբունք է, որ պետք է ամրագրված լինի Մայր օրենքում, որ եթե մի օր որոշեն փոխել դա, փոխի ժողովուրդը, ոչ թե Ազգային ժողովը», – պարզաբանել է Գալյանը։
Նախարարը նշել է, որ այս սկզբունքի ամրագրումը Սահմանադրությամբ կամրապնդի համապատասխան դրույթի պաշտպանությունը հետագա փոփոխություններից և հնարավորություն կտա առավել մանրամասն կարգավորումներ սահմանել օրենքով։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է լրատվամիջոցներին պարտավորեցնել հրապարակել իրենց ֆինանսավորման աղբյուրների, ստացած դրամաշնորհների և դոնորների մասին տեղեկությունները` Գալյանը որպես օրինակ է բերել հասարակական կազմակերպություններին, որոնք հրապարակում են իրենց ֆինանսական հաշվետվությունները։ Նրա խոսքով՝ նման պահանջ կարող է սահմանվել նաև լրատվամիջոցների համար։
Ընդ որում, նախարարի խոսքով, մեխանիզմի մշակման ժամանակ անհրաժեշտ է բալանս գտնել ֆինանսական թափանցիկության, բանկային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության միջև։ Կոնկրետ լուծումները դեռևս պետք է քննարկվեն մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ։
Պատասխանելով ԶԼՄ-ների արտասահմանյան ֆինանսավորման հնարավոր սահմանափակման մասին հարցին՝ Գալյանը հայտարարել է, որ տվյալ պահին նման առաջարկ չկա, և այդ հարցը չի քննարկվել։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։