«Մենք այլևս բավարար միջոցներ չունենք ամեն ինչի համար»․ Մերցը գերմանացիներին կոչ է արել պատրաստվել պետական ​​ծախսերի կրճատմանը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գերմանական հանրությանը կոչ է արել պատրաստվել պետական ​​ծախսերի կրճատմանը։

«Մենք այլևս բավարար միջոցներ չունենք ամեն ինչի համար։ Եվ մեզանից յուրաքանչյուրը ստիպված կլինի հրաժարվել որոշակի պատկերացումներից, որոնց մենք սովորել ենք և որոնք մեզ համար թանկ են»,- հայտարարել է Մերցը Բունդեսթագում բյուջեի շուրջ ընթացող քննարկումների ժամանակ։

Մերցը պարզաբանել է, որ այսուհետ պետությունն այլևս ի վիճակի չի լինի հարկային եկամուտների հաշվին ֆինանսավորել «այն ամենը, ինչին մենք չափազանց երկար ժամանակ ենք սովորել»։

Հակառակ դեպքում, ըստ Մերցի, ապագա սերունդները կմնան առանց որևէ ռեսուրսի, որը կարող էին տնօրինել իրենց քաղաքական նպատակների համար։

Գերմանիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ երկիրը պետք է «հաշտվի այս անխուսափելի սահմանափակումների հետ» և որոշի՝ «թե ով ենք մենք ուզում լինել և ինչ ենք ուզում ունենալ»։

Քննարկումների ընթացքում Մերցն անդրադարձել է նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը քննադատել էր բյուջեի նախագիծը։ Նա նշել է, որ AfD-ն չի հասկանում, որ Պուտինը «ավելին է ուզում, քան պարզապես Ուկրաինան»։ «Նա, ով սա չի գիտակցում, կա՛մ չի հասկանում աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, կա՛մ էլ հետապնդում է բոլորովին այլ նպատակներ՝ կապված մեր երկրի ազատության, բացության և լիբերալ բնույթի հետ», — ասել է Մերցը։

Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայի իշխող կոալիցիայում ընթանում են բանակցություններ՝ կապված 2027 թվականի դաշնային բյուջեի հետ։ Առաջարկը կենտրոնացած է մի քանի առանցքային հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորը ռեկորդային՝ մոտ 560 միլիարդ եվրո կազմող ծախսերն են. սա ամենամեծ ցուցանիշն է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ։ Ընդդիմությունը քննադատել է բյուջեի նախագիծը (որպես պատճառ նշելով, ի թիվս այլ հանգամանքների, Ուկրաինային տրամադրվող օգնությունը) և Մերցին մեղադրել քաղաքական անկարողության մեջ։

Բյուջեի վերաբերյալ վերջնական քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 27-ին, որին կնախորդեն մի շարք բանավեճեր Բունդեսթագում։

Leave a comment